Գյուղացիներն առիթը բաց չթողեցին նախարարին ոռոգման ջրամատակարարման խնդիրը ներկայացնելու համար
ЭкономикаՄաշտոցի պուրակին հարող տարածքում գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի բացմանը գյուղացիներն օգտագործեցին առիթը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ներկայացնելու ոռոգման ջրի խնդիրը: Նախարարը խոստացավ հետամուտ լինել խնդրի լուծմանը: «Արմավիրի մարզի երեք համայնքներում կան տեղանքներ, որտեղ ջուրը դժվարությամբ է հասնում, սակայն աշխատում ենք հարցը լուծել գրաֆիկով ջր ամատակարարմամբ: Պտղատու ծառերի դեպքում ջրամատակարարման փոքր շեղումները այնքան մեծ վնաս չեն բերի, որքան դա կարող է պատահել բանջեղենի դեպքում», - ասաց Սերգո Կարապետյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշտարակի Ոսկեհատ գյուղի ներկայացուցիչը խոր մտահոգությունը հայտնեց, որ այգիների ոռոգման համար ջրամատակարարումը կատարվում է 20-25 օրը մեկ, այն դեպքում, երբ շոգ օրերին ծառերը տասը օրը մեկ անհրաժեշտություն ունեն ջրվելու, և միրգը ժամանակից շուտ, ոռոգման ջրի սակավության պատճառով, թափվում է ցած:
Մայրաքաղաքի սրտում մոտ 120 վաճառակետ ապահովող գյուղմթերքի տոնավաճառը բաց է լինելու շաբաթ և կիրակի օրերին` հնարավորություն ընձեռնելով երևանցիներին հենց գյուղացուց գնելու թարմ մթերք, պտուղ և բաջարեղեն:
Տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսությանն նախարարն ու ոլորտի մյուս պատասխանատուները, ովքեր շրջեցին տոնավաճառում և պատասխանեցին գյուղացիներին հուզող հարցերին: Գյուղացիները նախարարին հայտնեցին, որ բերքն այս տարի ավելի շատ է: «Այս տարի մի փոքր շուտ բացեցինք երկրորդ շուկան, քանի որ կար դրա անհրաժեշտությունը, և վաճառողների թիվն ավելի մեծ է, քանի որ գյուղացիական տնտեսություններն այս տարի բերքառատ են: Մեր նպատակն է օգնել գյուղացուն իրացնելու իր արտադրանքը», - ասաց Սերգո Կարապետյանը:
Վերաբացված տոնավաճառի առաջին օրն իրենց մթերքն էին վաճառում Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Լոռու մարզերի գյուղացիները: