«Վարպետը և Տատյանան» կինոնկարը պատմություն է լուսանկարչի ըմբոստ հանճարի մասին
КультураԼիտվացի լուսանկարիչ Վիտաս Լուսկուսի կյանքն ու գործունեությունն ամփոփվել է «Վարպետը և Տատյանան» կինոնկարում: Լիտվական մի շարք մրցանակների արժանացած Գիեդրե Ժիցկիտեի ֆիլմը հայտնվել է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի Միջազգային վավերագրական մրցույթում: Երիտասարդ ռեժիսորը փաստում է՝ ֆիլմը նկարահանելն իր համար կարևոր է եղել:
«Ֆիլմը հայտնի լուսանկարիչ Վիտաս Լուսկուսի մասին է, որը ճանապարհորդում էր երկրով մեկ և իրական մարդկանց էր նկարում: 1987 թվականին դժբախտություն է պատահում. նա պատահաբար մարդ է սպանում և իրեն նետում է պատուհանից, իսկ կինը՝ Տատյանան, վերցնում է իր գործերը և մեկնում ԱՄՆ», Արմենպրեսի փոխանցմամբ՝նշեց Գիեդրե Ժիցկիտեն:
Ոմանք լուսանկարչին խելագար էին կոչում, մյուսները՝ հանճար, որովհետև տանը կենդանի առյուծ էր պահում և առաջինն էր, որ լիտվական միջավայրից այն կողմ անցավ և վավերագրեց խորհրդային հանրապետությունների տարերային իրականությունը: Նա շատ էր աշխատում և շատ էր խմում: Ապրում էր Վիլնյուսում իր գեղեցկուհի կնոջ՝ Տատյանայի հետ: Նրանց տունը միշտ լի էր մարդկանցով, գինով, ամբողջ գիշեր ձգվող զրույցներով, Խորհրդային Միության ամենահեռավոր վայրերից եկած հյուրերով: Նա տարված էր ճշմարտության և լուսանկարչության հանդեպ ունեցած կրքով: «Վարպետը և Տատյանան» պատմություն է լուսանկարչության ըմբոստ հանճարի, կրքոտ սիրո և համակարգի կողմից կործանված ևս մի կյանքի մասին:
«Սա միայն լուսանկարչի պատմություն չէ, նաև սիրո պատմություն է: Այն շատ զգացմունքային պատմություն է: Վիտաս Լուսկուսն ասես հայելի լինի, երբ նայում ես նրա գործերին, նրան, ինքդ քեզ ես տեսնում: Ինձ համար մեծ մարտահրավեր էր ֆիլմը նկարահանել, ճիշտ ձևով ցույց տալ լուսանկարչությունը ֆիլմի մեջ»,-նշեց կինոնկարի ռեժիսորը:
Լուսկուսի այրին դիտել է ֆիլմը: «Բայց չենք քննարկել, որովհետև շատ հուզական պահ է իր համար: Շնորհակալ եմ նրան, որ ինձ թույլ է տվել նկարահանել այս ֆիլմը, գործընթացը 5 տարիների ընթացքում է տեղի ունեցել: Նա շատ ուրախ է, որ այս ֆիլմը կա, ընդունում է իմ աշխատանքը»,- ընդգծեց Գիեդրե Ժիցկիտեն:
Գիեդրե Ժիցկիտեն 2007-ին մագիստրոսի աստիճանով ավարտել է Վիլնյուսի արվեստի ակադեմիայի տեսողական արվեստի բաժինը: Նրա առաջին վավերագրական աշխատանքը՝ «Բարասը», Լիտվայի ազգային կինոմրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակի որպես լավագույն հեռուստաֆիլմ: «Թե ինչպես հեղափոխություն խաղացինք» առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ փառատոներում, Լիտվայի ազգային կինոմրցանակաբաշությանը հավակնել լավագույն վավերագրական ֆիլմի համար սահմանված մրցանակին և 2012-ին Վիլնյուսի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի բալթյան երկրնե րի մրցույթում արժանացել 1-ին մրցանակին: Այժմ Գիեդրեն աշխատում է իր նոր վավերագրական կինոնկարի վրա: Նա Լիտվայի կինոակադեմիայի, Կինոգործիչների միության և Եվրոպայի վավերագրական ցանցի անդամ է: