Պայքարող քաղաքացիների դիմանկարները վիրավորական արտահայտություններով հայտնվել են քաղաքի տարբեր մասերում (լուսանկարներ)
Обществоէլեկտրաներգիայի սականգնի բարձրացման դեմ ակտիվ պայքարող քաղաքացիներից մի քանիսի լուսանկարները այսօր տարբեր վիրավորական արտահայտություններով փակցվել են իրենց իսկ թաղամասերում:
Շատերի կողմից հնչում է այն կարծիքը, որ սա քաղաքացիական հագուստով այն ոստիկանների հաշվեհարդարն է, ում նկարները տարածվել են «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից:
Orer.am-ը զրուցեց լուսանկարներում հայտնված քաղաքացիների հետ, ովքեր իրենց կարծիքը հայտնեցին կատարվածի վերաբերյալ:
Գևորգ Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը ԱԱԾ-ի ոչ հաստիքային աշխատողների ձեռքի գործն է. «Սա հին ККБ-ական մեթոդ է, որով փորձում են վախեցնել պայքարող քաղաքացիներին: Բայց հաշվի չեն առել, որ մեր օրերում ինֆորմացիան շատ շուտ է տարածվում, ու նման կերպ քաղաքացիներին վախեցնելը ծիծաղելի է: Քանի որ քաղաքացիների դարպասներին է փակցվում, կարելի է ենթադրել, որ սա սպառնալիք է մարդուն, նաև ընտանիքի անդամներին»:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է համարում, որ սա քաղաքացիական հագուստներով ոստիկանների կողմից կազմակերպված լինի, Գևորգ Սաֆարյանը պատասխանեց. «Առանձին մարդիկ չկան, կա մեկ համակարգ ու հրամանները գալիս են մեկ մարդուց: Սա հենց համակարգի ձեռքի գործն է»:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, ում նկարը նույնպես հայտնվել էր տարածված նկարների շարքում, այս երևույթը որպես ճղճիմ քայլ որակեց. «Սա ճղճիմ քայլ է, որով ցույց են տալիս իրենց խղճուկ վիճակը: Գրեթե համոզված եմ, որ իրենք են կամ իրենց ընկեր, բարեկամ, հարազատները»: Այն հարցին, թե արդյոք պատրաստվում են ինչ-որ բան անել պարզելու համար, թե ովքեր են կազմակերպել այս ամենը, Մաքս Սարգսյանը պատասխանեց, որ իմաստ չի տեսնում:
Նարեկ Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե ում կողմից կարող է արված լինել. «Դա անհայտ մարդու կամ մարդկանց խմբի ազատ խոսքի իրավունքի դրսևորում է, որը կատարվել է շատ անորակ, անհեռանկար ձևով և պարունակում է անձնական վիրավորանքներ։ Որևէ մեկին չեմ կարող մեղադրել, որովհետև չգիտեմ՝ ով կամ ովքեր են արել» :
Նշենք, որ դիմանկարները տարածողի ուշադրությանն էին արժանացել նաև Արամ Մանուկյանը, Արտուշ Այդինյանը, Արմեն Մկրտչյանը, Արսեն Օհանյանը, Միհր Ավագյանը, որոնց նկարները նույնպես եղել են տարածված նկարների շարքում:






Անժելա Պողոսյան