Առողջապահության նախարարությունը կվերանայի որակի վերահսկման սկզբունքները
ОбществоՈրակյալ բժշկական օգնության ապահովումն առողջապահական համակարգի հանդեպ վստահությունը մեծացնելու ամենագործուն միջոցներից մեկն է։ Իսկ ապակենտրոնացված համակարգի պայմաններում նախարարության ունեցած լծակներն այսօր արդյունավետ վերահսկողության հնարավորություն չեն տալիս: Ինչպես տեղեկացրին ՀՀ առո ղջապահության նախարարությունից, հուլիսի 18-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Ամբողջությամբ պետք է վերանայենք որակի վերահսկման սկզբունքները»,-նշել է Արմեն Մուրադյանը ։
Նախարարի համոզմամբ` անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնց ուղղությամբ արդեն իսկ մի քանի փոփոխություններ իրականացվել են։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում իրականացվող փոփոխություններով Հայաստանում կներդրվի շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Կստեղծվի «Հավաստագրման կենտրոն», որը կհավաստագրի հայաստանյան և արտերկրից ժամանած բժիշկների աշխատանքի թույլտվությունը և նրանց մասնագիտական հետագա զարգացումը: Բժիշկները պետք է կարողանան 5 տարում 220 կրեդիտ հավաքել։
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրել է նախարարի հանձնարարությամբ մշակվող բժշկական ծառայությունների որակի վերահսկման մեխանիզմները։ Բազարչյանը որպես բժշկական օգնության որակի ապահովման հիմնական գործիքներ նշել է կլինիկական ուղեցույցները, հիվանդի վարման գործելակարգերը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչները և գործունեության ընթացակարգերը։ Քննարկման ընթացքում նշվել է, որ տարբեր ծառայությունների ուղղությամբ մշակվել և գործում են միջազգային չափորոշիչներին համապատասխան ուղեցույցներ։ Որպեսզի այս հասկացություններն իրավական ուժ ունենան, նախարարության նախաձեռնությամբ փոփոխություններ կկատարվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում։
Արմեն Մուրադյանն առաջարկել է ներկաներին մասնակից լինել ներկայացված չափորոշիչների ու գործելակարգերի հետագա մշակմանը, քանզի բժշկական օգնության որակի ապահովումը բոլորի խնդիրն է։
Նախարարն Առողջապահության ազգային ինստիտուտին հանձնարարել է առաջնահերթ մշակել ընդունարանի, վերակենդանացման և մի շարք այլ ծառայություների գործելակարգերը։