Տիգրան Մանսուրյանը երաժշտասերների հետ հանդիպմանը ներկայացրել է Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը
КультураԿոմիտասը պետք է լիներ կատարյալ, որպեսզի հիմք դառնար մի ամբողջ կոմպոզիտորական դպրոցի: Նման կերպ հուլիսի 18-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում նկարագրելով Կոմիտասի կարճատև, սակայն հսկայածավալ աշխատանքը՝ երաժշտասերների հետ հանդիպմանը Կոմիտասին բնութագրեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
«Արմենպրես»-ը ներկայացնում է դրվագներ կայացած հանդիպումից, որի ողջ ընթացքում տարբեր սերնդների ներկայացուցիչներով լեցուն դահլիճը փորձում էր բաց չթողնել Կոմիտասի մասին Մանսուրյանի որևէ բառը:
«Կոմիտասը այն հեռահար նետի պես է, որ իր արմատները հասցնում է մինչև հեթանոսական շրջանի հայ երաժշտությունը: Նա հիմնում էր մի մասնագիտություն, որի անունը իրեն չի ուզում վերագրել՝ կոմպոզիտորություն»,- կարծիք հայտնեց Տիգրան Մանսուրյանը:
Նրա խոսքով՝ Կոմիտասն իր հետ կապված այդ մասնագիտական եզրը չի գործածել, նա չի ասել կամ գրել, որ կոմպոզիտոր է: «Նա ծայրահեղ առաքինության և պարկեշտության արտահայտություն է: Եղել են մարդիկ, ովքեր իրենց արվեստի բնագավառում մեծագույն հաջողությունների հասնելուց հետո էլ խուսափել են իրենց մասնագիտական անունը շեշտելուց, ինչպես օրինակ Ֆոլկները»,- ասաց Մանսուրյանը:
«Կոմիտասը բանահավաք էր, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական գործիչ, հոգևորական, եկեղեցու ամբողջ հարստությունը իր մեջ ընդգրկող երաժիշտ: Այն տարիներին, երբ նա ծավալում է իր գործունեությունը, արժանացած էր մեծագույն գնահատակնքի»,- շեշտեց մաեստրո Մանսուրյանը: