ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունն անցած շաբաթ արձագանքել է 743 դեպքի
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 20-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտեն անտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:
Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 743 դեպքի: Նախարարին զեկուցվել է 21 սահմանամերձ համայնքներում ազդարարման համակարգի տեղադրման մասին: Սերգեյ Ազարյանը զեկուցել է նաև Բելառուսի Մինսկ քաղաքում անցկացվող պատանի հրշեջ-փրկարարների միջազգային առաջնությունում նախարարության պատանի փրկարարների խմբի ձեռքբերումների մասին։
ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է հանրապետության տարածքում գազալցակայանների ստուգումների արդյունքների մասին: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Ծառայության պետը հայտնել է, որ հուլիսի 26-ից ջերմաստիճանը կբարձրանա:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նախորդ շաբաթ Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Շիրակի մարզերում դիտվել են կարկտավտանգ ամպեր: Գործել է 60 հակակարկտային կայան, իրականացվել է մոտ 16.000 կրակոց:
ՏԿԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցել է նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների հանգստի կազմակերպման մասին: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, երեխաները 10-օրյա ամառային հանգիստ կանցկացնեն Լոռու «Գուգարք» ճամբարում: Երեխաներին սպասվում են հետաքրքիր և հագեցած օրեր: Ճամբարում կկազմակերպվեն գեղարվեստական և սպորտային տարբեր միջոցառումներ, իսկ Լոռու մարզի փրկարար վարչության աշխատակիցները կկազմակերպեն ուսումնավարժանքներ և դասընթացներ:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին: