Փոքրիկ ընթերցողների սեղանին է դրվել Կոնրադի արկածները ներկայացնող գիրքը
КультураՓոքրիկ ընթերցողներն ավստրիացի մանկագիր Քրիստինե Նյոստլինգերի հերոս Կոնրադի արկածները ներկայացնող մանկական գիրքը հայերենով ընթերցելու հնարավորություն ունեն: «Զանգակ» հրատարակչությունը հուլիսի 20-ին ներկայացրեց «Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան» գիրքը: Քրիստինե Նյոստլինգերը՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող-երեխա ժամանակակից հարաբերությունները:
«Դերասանական հատկություններ պետք է ունենաս, որպեսզի ներթափանցես և՛ գրողի, և՛կերպարների մեջ: Շատ հետաքրքիր կերպարներ կան: Հուսով եմ, որ երեխաները կկարդան և ինչ-որ բան կընկալեն: Սա լավագույն գրքերից մեկն է, գերմանացիները հաճույքով կարդում են, տեսնենք՝ մեր երեխաներին դուր կգա՞»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ շնորհանդեսից հետո նշեց գրքի թարգմանիչ Ռուզան Մարգունին:
Գրքի հերոսներից տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…. Գրքի շնորհանդեսին մասնակցեցին նաև փոքրիկ ընթերցողները, ովքեր որպես նվեր ստացան պահածո-դրամարկղիկներ՝ գրքի պատկերներով:
Գիրքը երեխաներին է ներկայացրել «Զանգակ» հրատարակչությունը: Այն համալրում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի գրքերի շարքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զանգակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Լեյլա Առաքելյանը նշեց, որ ծրագիրը հետաքրքրությամբ է ընդունվում: «Շատ մեծ ակտիվություն են դրսևորում երեխաները: Ծրագրին միացած այսօրվա գրքից բացի օգոստոսի 3-ին կունենանք մեկ այլ գիրք՝ Ֆրենսիս Էլիզա Բերթնեթի «Փոքրիկ արքայադուստրը»: Այն նույնպես կմիանա մեր ծրագրին»,-նշեց Լեյլա Առաքելյանը:
«Ամառային ընթերցանության» շրջանակներում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, գրական և թատերական միջոցառումներ: Ամռան ընթացքում ծրագիրն առաջարկում է ընթերցել և փոխանակել բազմաթիվ գրքեր՝ գնելով դրանցից ընդամենը մեկը: «Ամառային ընթերցանություն-2015»-ը կտևի երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: