Գեղարքունիքի մարզի մեղվաբուծական տնտեսություններում սկսվել է մեղրաքամը
ОбществоԳեղարքունիքի մարզի մեղվաբուծական տնտեսություններում արդեն 10 օր է, ինչ սկսվել եւ ընթանում են մեղրաքամի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մարզի 500-ից ավել մեղվաբուծական տնտեսությունների մոտ 40 հազարի հասնող մեղվափեթակներում ապահովվել է միջին չափի բերքատվություն:
Վաստակաշատ մեղվաբույծ, Ծովասար գյուղի բնակիչ Եգանով Սմբատյանի հավաստմամբ` մեկ մեղվափեթակի միջին բերքատվությունը կազմել է 20 կիլոգրամ, ինչը ոչ շատ ցածր, ոչ էլ բարձր ցուցանիշ է համարվում: «Եթե նկատի ունենանք նաեւ երկրորդ մեղրաքամը, ապա այս ցուցանիշը կարող է էլի ավելանալ, իսկ մեղրաքամի ավարտի ժամկետը համարել մինչեւ օգոստոսի 10-ը: Իրացման խնդիր էլ մեղվաբույծները գրեթե չունեն, իսկ տարին բերքի համար կարելի է բավարար համարել»,-նշեց Եգանով Սմբատյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կանխատեսումներով` այս տարի Գեղարքունիքում կարտադրվի ավելի քան 800 տոննա բնական մեղր, որի որոշ մասը տեղում գնում են օտարերկրյա զբոսաշրջիկները:
Մեղվաբուծությամբ հռչակված համայնքներ են Խաչաղբյուրը, Կարմիրգյուղը, Սարուխանը, Ավազանը, Արփունքը, Գետիկը, Այգուտը, Ծաղկունքը:
Խոսրով Խլղաթյան