Ռուս զինծառայողը Գյումրիում ձեռքով կոտրել է խանութի ապակին, ապա փախել հիվանդանոցից
ОбществоՌուս զինծառայողի մասնակցությամբ հերթական միջադեպն է գրանցվել Գյումրիում` երկրորդը նույն օրվա ընթացքում։
Գյումրիում NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ 1993թ. ծնված Յուրի Կապոատին Վասիլեւիչը կեսգիշերին մոտ, նախանական տեղեկությամբ, հարբած վիճակում բռունցքով հարվածել ու կոտրել է Խրիմյան Հայրիկ փողոցի մրգի խանութի ապակին, եւ վնասվածք ստանալուց հետո ինքնակամ դիմել Գյումրու բժշկական կենտրոն։
Հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ռուս զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել աջ նախաբազկի շրջանի կտրված վերքերով, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո աննկատ հեռացել է հիվանդանոցից, իրենք կատարվածի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը։
Խանութի սեփականատերերը մեր թղթակցի հետ զրույցում ասացին, որ խանութը դեպքի պահին փակ է եղել, իրենց զանգել են, կանչել ոստիկանություն։
Քանի որ խանութից ոչինչ չի պակասել, տերերը ենթադրում են, որ կատարվածն ընդամենը «խուլիգանությունն է, հերթական հարբած ռուս զինվորի արարք»։
Տերերն արդեն փոխում են ապակին, խանութի դիմաց մինչեւ հիմա արյան հետքեր կան։
Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամին մեկ այլ ռուս զինծառայող, նախնական տեղեկությամբ` կրկին հարբած վիճակում, իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով բախվել էր երեք մեքենայի, թեեւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բարեբախտաբար, ուրիշ ոչ ոք չէր տուժել։