«Հալե» նվագախումբը յուրօրինակ համերգ կունենա
КультураԱմենահայտնի բրիտանական սիմֆոնիկ նվագախմբերից մեկը՝ Մանչեսթերի «Հալե» նվագախումբն առաջին անգամ համերգ կունենա, որտեղ տոմսերի համար կվճարվի ելույթից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նվագախմբի կայքը տեղեկացնում է, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Մանչեսթերի Bridgewater Ha ll-ում: «Վճարեք ինչքան ցանկանում եք»,-նշված է նվագախմբի կայքում:
BBC-ի ռուսական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ համերգի ավարտին հանդիսատեսին կառաջարկվի տոմսարկղում թողնել այնպիսի գումար, որն իրենց կարծիքով արժե համերգի համար:
Սովորաբար «Հալե» նվագախմբի համերգի տոմսի միջին արժեքը 60 դոլար է կազմում:
Այս ակցիայով երաժիշտները ցանկանում են համերգի դահլիճ գրավել մարդկանց, ովքեր նախկինում երբեք չեն եղել դասական երաժշտության համերգի: Դրա համար 1857 թվականին հիմնադրված նվագախումբը պատրաստ է խախտել մի շարք ավանդույթներ. հանդիսատեսը կարող է գալ համերգի իրենց խմիչքներով, ծափահարել հանկարծակի և օգտագործել բջջային հեռախոսներ:
Ավելին, համերգի կազմակերպիչները խոստանում են թվիթերում հանդիսատեսի հրապարակած հաղորդագրությունները ցուցադրել բեմի վրա կախված մեծ էկրանին: