Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Տրայան Հրիսթեա
ОбществоՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վաչե Տերտերյանը նախարարի և իր անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ առաքելության ընթացքում իրականացված արդյունավետ ծրագրերի և ԵՄ-ՏԿԱԻՆ սերտ համագործակցության համար:
«Ձեր թիմի և անձամբ Ձեր ներդրման շնորհիվ, Եվրամիության հետ մեր համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և գործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար ստեղծված է արդյունավետ հարթակ: ՏԿԱԻ նախարարությունն ամեն ինչ կանի առկա գործընկերային երկխոսությունը պահպանելու և զարգացնելու համար»,-նշել է Վաչե Տերտերյանը:
Շնորհակալություն հայտնելով փոխնախարարին իր դիվանագիտական առաքելության տարիներին կառուցողական համագործակցության համար` դեսպան Հրիսթեան համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաջորդ ղեկավարը ևս կնպաստի երկկողմ գործակցության ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ խնդրելով աջակցել նրան այս հարցում: Տրայան Հրիսթեան վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Հանդիպման ընթացքում Վաչե Տերտերյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում մեկնարկած ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Ավարտին Վաչե Տերտերյանը հաջողություն է մաղթել Տրայան Հրիսթեային իր հետագա գործունեության ընթացքում` համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոնում նա նույնպես կշարունակի պահպանել իր բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: