Էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման միջոցների հարցը պարզ կդառնա երկու օրվա ընթացքում. Զախարյան
ОбществоԵրկու օրից հայտնի կլինի, թե ՀՀ կառավարությունն ինչ միջոցներով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագինը: «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Զախարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ քննարկվում է նաև «Որոտան»-ի ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվող միջոցներով փոխհատուցելու տարբերակը:
«Հայկական և ռուսական կողմերը մոտակա 2-3 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացնեն, թե ինչ պայմաններով և տեխնիկական խնդիրներով աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-ում: Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ինչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև, կուսումնասիրվի սակագնի հիմնավորվածությունը, և եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Զախարյանը՝ ավելացնելով, որ ՀԷՑ-ում կիրականացվի նաև ընդհանուր ֆինանսական աուդիտ:
Էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամով բարձրացումից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում որոշում էր կայացվել, որ մինչ ՀԷՑ-ում կայանալիք աուդիտի ավարտը, օգոստոսի 1-ից այդ տարբերությունը վճարելու է ՀՀ կառավարությունը: