Մասնագետները ողջունում են ևս 100 ուսումնական հաստատություններում «Ազգային երգ ու պար»-ի դասավանդումը
ОбществоՄասնագետները ողջունում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ՝ «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ հրամանը: Նրանք կարևոր են համարում այն հանգամանքը, որ առարկան դասավանդեն հենց մասնագետները:
«Տկզար» շնչական նվագախմբի հիմնադիր Կարլեն Միրզոյանը համոզված է՝ երեխաները երգ ու պար պետք է սովորեն դպրոցի առաջին իսկ օրվանից:
«Առարկան աստիճանաբար պետք է խորանա: Այն պետք է սովորեն առաջին դասարանից և մանկապարտեզից՝ ըստ տարիքային առանձնահատկությունների: Շատ քիչ մասնագետներ ունենք, 100 դպրոցի համար չի բավականացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարլեն Միրզոյանը:
Երաժշտագետ Արմինե Միրզոյանը փաստում է՝ ծրագրում պետք է ընդգրկվի նաև ազգային նվագարանների վերաբերյալ տեղեկատվություն:
«Սերունդը պետք է իմանա ազգային նվագարանների մասին: Նույնիսկ մանպարտեզի երեխան պետք է շվին և դուդուկն իրարից տարբերի: Եկող սերունդը պետք է տեր կանգնի մեր նվագարաններին»,-նշեց Արմինե Միրզոյանը:
Գրականագետ Սամվել Մուրադյանը վստահ է՝ ամեն երեխայի մեջ էլ երգելու, պարելու հակում կա: «Եթե ճիշտ ընթացք ենք հաղորդում, լավ արդյունք է տալիս : Երեխայի տաղանդը, կարողությունները բացահայտելու հնարավորություն կտա: Ազգային երգն ու պարն ազգային մտածողություն դաստիրակելու կարևոր միջոց են»,-ընգդծեց նա:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 2-ին հրաման է ստորագրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց: «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում: