Սեպտեմբերի 5-ից Ծաղկաձորում մեկնարկել է «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցը, որի նպատակն է հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների / պրեզենտացիաների նկարահանում և մոնտաժը, տեսականֆերանսների ինտեգրումը հեռավոր դասընթացներում և այլն:
Ամառային դպրոցում տեսական և գործնական դասախոսությունների միջոցով հեռավար կրթության կազմակերպման հմտություններին են ծանոթանում ԲՈւՀ-երի դասախոսները: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ով դասընթացի մասնակիցներից է, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ հեռավար կրթության կազմակերպման փորձեր Հայաստանում եղել են, օրինակ՝ ԵՊՀ-ն նմանատիպ փորձ ունի՝ մեկ ուղղվածությամբ, բայց որպես այդպիսին, առաջին անգամ է, որ բազմաթիվ և բազմազան մասնագիտությունների գծով այսպիսի վերապատրաստումներ են անցկացվում: «Ողջունում եմ այս նախաձեռնությունը, որովհետև նոր մոտեցում է, նոր որակ է, նոր հարթակ է, որովհետև ամեն մեկը չէ, որ ժամանակ ունի գնալ դասախոսություններ լսելու, լրացնելու գիտելիքների բացը, և հեռավար կրթությունը այդ առումով հրաշալի հնարավորություններ է բացում»,- նշեց տիկին Ավետիսյանը: ԵՊՀ դասախոսը նշում է, որ գործիքակազմը միանգամից յուրացնելը բարդ է, բայց գործընթացին պատասխանատվությամբ հետևելու դեպքում, անշուշտ, հաղթահարելի է: «Այդ առումով ամառային դպրոցի այս դասընթացը՝ ուղղված դասախոսներին, բավականին արդյունավետ է և անպայման արդյունք կտա»,- հավելեց Ավետիսյանը:
Ամառային դպրոցի այսօրվա աշխատանքների մասին՝ հաջորդիվ: