Հրանուշ Հակոբյանը կաևորում է «Ռադիո ԱՅԳ»-ի գործունեությունը հայապահպանության գործում
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 22-ին հանդիպել է «Ռադիո ԱՅԳ»-ի (ԱՄԷ) հիմնադիր Շաքե Մանգասարյանին, նրա քույրեր Սեդա, Լուսին Մանգասարյաններին և ռադիոյի խորհրդի մյուս անդամներին: Հանդիպմանը մասնակցել են Կանադայի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ ազգային շաբաթօրյա վարժարանի սաները՝ դպրոցի փոխտնօրեն Արա Տեր-Հարությունյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել «Ռադիո ԱՅԳ»-ի գործունեությունը հայապահպանության և ազգային արժեքների տարածման գործում: «Առանց նյութական շահ հետապնդելու, սիրելի Շաքե, Դուք և Ձեր ողջ աշխատակազմը ժամանակ, ջանքեր ու մեծ եռանդ եք ներդնում հայ ազգային արժեքների պահպանության, սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության կարևոր գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ համագործակցում եք նախարարությա ն «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի, ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցների, մասնավորապես, «Երկիր Մեդիա» և «Արմենիա» հեռուստաընկերությունների և Հայաստանի ազգային ռադիոյի հետ՝ այդպիսով արևմտահայ լեզուն սփռելով Հայաստանում, իսկ արևելահայերենը՝ սփյուռքի հայ համայնքներում»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, ի դեմս Մանգասարյան քույրերի, «Ռադիո ԱՅԳ»-ին է հանձնել Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար մրցանակաբաշխության «Հայոց ցեղասպանություն. 100-րդ տարելիցին ընդառաջ լավագույն հրապարակում» անվանակարգում ստացած մրցանակը:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար՝ Շաքե Մանգասարյանը նշել է, որ հայրենիք այցելությունը և այս մրցանակը նոր խթան կհանդիսանան «Ռադիո ԱՅԳ»-ի ողջ աշխատակազմի համար՝ առավել ոգեշնչված և արդյունավետ աշխատելու համար:
Ինչպես նշել է Շաքե Մանգասարյանը, «Ռադիո ԱՅԳ» առցանց կայանի հեռարձակումը սկսվել է 2011 թվականից, եթերներն ընգրկում են սփյուռքի և հայրենի լրատվություն, քաղաքական, հոգևոր (Ավետարանի մեկնություն, Սուրբ Պատարագի հեռարձակում և այլն) մշակութային հաղորդումներ, հարցազրույցներ, իսկ երաժշտական կատարումներից առավելագույն տեղը հատկացվում է ազգային երգարվեստին՝ ժողովրդական, աշուղական, գուսանական, հայկական և համաշխարհային դասական երաժշտությանը:
«Ռադիո ԱՅԳ»-ին և Շաքե Մանգասարյանին իրենց գովեստի խոսքերն են ուղղել ռադիոյի խորհրդի անդամները: Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության ու գնահատանքի համար և հավաստիացրել, որ սիրով ու նոր լիցքերով պիտի շարունակեն հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը կոչված գործունեությունը ռադիոյում: