Գյուղնախարարությունն ակտիվ աշխատում է ոլորտի տարբեր միությունների և ՀԿ-ների հետ
ОбществоՀայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը մեծ ուշադրություն է հատկացնում պետություն-մասնավոր համագործակցությանը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում միությունների, ասոցացիաների, հասարակական կազմակերպությունների հետ: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Մենք ակտիվորեն աշխատում ենք հյութարտադրողների և պահածոյագործների միության, գինեգործների միության, կոնյակագործների միության, չրագործների ասոցացիայի, կաթնամթերք և մսամթերք արտադրողների միությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակարյանը:
Պետություն-մասնավոր համագործակցության առումով Ռոբերտ Մակարյանը կարևորում է նաև Երևանում գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպումը, որը նախարարությունն արդեն 5-րդ տարին է, ինչ կազմակերպում է: «Դուք գիտեք, որ այս տարվա հունիսի 6-ին բացվել է Կասյան փողոցի գյուղատնտեսական տոնավաճառը, իսկ անցած շաբաթ Մաշտոցի պուրակում բացվեց երկրորդ գյուղատնտեսական տոնավաճռը: Տոնավաճառները գործում են շաբաթ և կիրակի»,- ընդգծեց Մակարյանը:
Նա հայտնեց, որ մինչ այս պահը կազմակերպվել է է 16 գյուղատնտեսական տոնավաճառ, որոնց մասնակցել են շուրջ 2000 գյուղացիական տնտեսություն: Տոնավաճառներում յուրաքանչյուր օր վաճառվում է 40-50 տոննա գյուղմթերք: «Գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցում են բոլոր մարզերը՝ երևանյան սպառողին համեմատաբար մատչելի գներով ներկայացնելով իրենց թարմ մթերքը»,- եզրափակեց փոխնախարարը: