Վերիշեն համայնքի ղեկավարն իր աշխատակիցներին դրդել է պաշտոնեական կեղծիք կատարել
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական կեղծիք կատարելու, կատարելուն օժանդակելու, դրդելու և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ զգալի չափերով յուրացում կատարելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը, իր բարեկամին աշխատանքի ընդունելու նախապես տրված խոստումն իրագործելու դրդումներով, աշխատակազմի քարտուղար Ա.Շալունցին կարգադրել և դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Ա.Շալունցը Արարատ Օրդյանի քենակալի` ՀՀ-ից բացակայելու պայմաններում կազմել, ստորագրել, կնիքով հաստատել է պաշտոնեական փաստաթու ղթ հանդիսացող հրաման` նրան աշխատանքի ընդունելու մասին:
Բացի այդ, քենակալի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում գյուղապետն աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Գ. Զադայանին հանձնարարել է ամենամսյա հաճախումների ցուցակներում հավաստել նրա` իբր աշխատանքի հաճախելու հանգամանքը և չհաճախելու պայմաններում հաշվարկել, կազմել աշխատավարձի վճարային կեղծ տեղեկագրերը, որոնք ստորագրել և կնիքի դրոշմով հաստատել է անձամբ: Գյուղապետի քենակալի անվամբ հաշվառված բանկային պլաստիկ քարտով կանխիկացրել և յուրացրել է իրեն վստահված համայնքի բյուջեից 18 ամիսների ընթացքում հատկացված աշխատավարձի գումարի զ գալի չափը:
Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ Արարատ Օրդյանը համագյուղացի Արտակ Օրդյանին աշխատակազմի ակումբի վարիչի հաստիքում փաստացի ընդունելու, սակայն ԴԱՀԿ ծառայության կողմից հօգուտ բանկի վարկի գումարը մարելու նպատակով նրա վարձատրության վրա հնարավոր բռնագանձում տարածելը բացառելու համար հանձնարարել է երկու այլ անձանց 2012-2014թթ. տարբեր ժամանակահատվածներում հրամանագրել որպես ակումբի վարիչ, որոնց անվամբ հաշվառված բանկային աշխատավարձերը բանկային պլաստիկ քարտի միջոցով կանխիկացրել և ստացել է վարիչի պարտականությունները փաստացի կատարած Արտակ Օրդյանը: Միաժամանակ, վերջինս շարունակել է Սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում հաշվառված մնալ՝ որպես նպաստառու` ստանալով ընտանեկան նպաստ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Աշխատակազմի քարտուղար Ա.Շալունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, առաջատար մասնագետ-հաշվապահ Գ.Զադայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (2 դրվագ), Արտակ Օրդյանին`ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: