Վերին Կարմիրաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզ կհաճախի 71 երեխա
ОбществоՏավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքում մանկապարտեզի խնդիրն արդեն լուծված է: Հուլիսի 24-ին տեղի կունենա հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությունը:
Վերին Կարմիր աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համայնքի երեխաները մինչ այժմ հաճախում էին 1923թ. կառուցված փայտաշեն մանկապարտեզ: 1991թ. սկսվել է նոր մանկապարտեզի շենքի շինարարությունը, որը մնացել է անավարտ: Մանկապարտեզի շենքի համար նախատեսված անավարտ շինության հիմքի վրա իրականացվել են նոր մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներ: «Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2013թ. սեպտեմբերին՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, եւ ավարտվել 2015թ. մարտին: Ծրագրի շինարարական ընդհանուր արժեքը կազմե լ է 119,8 մլն ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը՝ 5,8 մլն ՀՀ դրամ է: Գումարը տրամադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ բարերարներ Հովսեփ եւ Նադյա Սարաֆյանների մասնակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Չոբանյանը:
Մանկապարտեզի շենքը բաղկացած է մեկ եւ երկհարկանի մասնաշենքերից, որոնց ընդհանուր մակերեսը 453 քմ է: Երկհարկանի մասնաշենքում տեղակայված են երեխաների համար նախատեսված խմբային սենյակները, իսկ մեկ հարկանի մասնաշենքում՝ խոհանոցը, բուժկետը եւ վարչական սենյակները: Իրականացվել են ներքին եւ արտաքին հարդարման, ջեռուցման համակարգի, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրասնուցման, գազամատակարարման ներքին եւ արտաքին ցանցերի անցկացման, օդափոխության համակարգի տեղադրման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Մանապարտեզին հատկացվել է նաեւ 5,2 մլն ՀՀ դրամ արժեքով գույք՝ երկհարկանի մահճակալներ, մանկական սեղաններ, աթռներ, զգեստապահարաններ, խաղալիքներ, ուսուցչական սեղաններ եւ այլն: Մինչեւ նոր մանկապարտեզի շենքի վերակառուցումը մանկապարտեզ է հաճախել 35 երեխա: Շենքի վերակառուցման արդյունքում մանկապարտեզ կհաճախի 71 երեխա, իսկ նախագծային հզորությունը 80 երեխայի համար է:
Մանկապարտեզը ներկայումս ունի 9 աշխատակից՝ 65 հազար ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատսված է եւս երեք աշխատակցի համալրում՝ նույնքան միջին ամսական աշխատավարձով, որը վճարվում է համայնքի բյուջեով նախատեսված միջոցներից: