Փելեշյանի արվեստը գնահատողներն ականավոր ռեժիսորին հանդիպելու հնարավորություն կունենան
КультураՀայ ականավոր ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի արվեստի երկրպագուները ժողովրդական արտիստի հետ հանդիպելու և նրա ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենան: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում (Կարմիր դահլիճ) տեղի կունենա հանդիպում-երեկո Արտավազդ Փելեշյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կցուցադրվեն անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն կունենան լսելու վարպետին, հարցեր ուղղելու նրան: Միջոցառման մուտքն ազատ է:
Արտավազդ Փելեշյան ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը ապրել է Վանաձորում: 1963-1967-ին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութեանական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Դեռ ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը, որ առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով, բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ Փելեշյանը մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների շրջանում: Փելեշյանը դերակատարմամբ հանդես է եկել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում (1969): 1996-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2006-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում ստեղծագործական վաստակի համար արժանացել «Փարաջանովյան թալեր» մցրանակին: