«Արի տուն» ծրագրի մասնակիցները նախարարի հետ հանդիպումից հետո ուղևորվեցին զինվորական ճաշի
ОбществоՀայրենաճանաչությանն ու հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված «Արի տուն» ծրագրի մասնակիցները հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որից հետո նրանց սպասվում է ճաշ զինվորների հետ զորամասերում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումների միջոցով իրենք ապահովում են հասարակություն-բանակ կապն ու նպաստում երիտասարդների ռազմահայրեն ասիրական դաստիարակությանը: «Այսօր անհրաժեշտություն է, որ ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովուրդը ծանոթ լինի այն կառույցին, որը ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը, նրա նիստուկացին, առօրյային, զինծառայողների տրամադրվածությանը: Սփյուռքի այսօրվա երիտասարդությունը ճիշտ ուղղու վրա է, քանի որ նրանք իրենց հայացքն ուղղում են հայրենիքին, դրա պատմամշակութային արժեքներին, ինչպես նաև բանակին ծանոթանալուն: Հարցերի մեծ մասը, որ մեր երիտասարդները ուղղում են նմանատիպ հանդիպումների ժամանակ, այն է, որ նրանք ցանկանում են հայկական բանակում ծառայել ու տարբեր ճամբարների միջոցով ծանոթ լինել բանակային կյանքին ու անհրաժեշտության դեպքում Հայաստանի կողքին կանգնել: Արցախյան գոյամարտը ցույց է տվել, որ Մայր Հայաստանի հետ անհատ սյուռքահայեր են եկել ու պաշտպանել մեր հայրենիքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ այս տարի «Արի տուն» ծրագրի մասնակիցներից որոշները այցելել են առաջին գծի զորամասեր:
«Արի տուն» ծրագրի մասնակիցներին ուղղված խոսքում Սեյրան Օհանյանը շեշտադրեց հայկական զինված ուժերի գոյության անհրաժեշտությունն ու կարևորությունը: «Մենք երիատսարդ բանակ ունենք, բայց մեր բանակի կազմավորման հիմքում մեր հարուստ պատմության ռազմագիտական, կազմակերպչական փորձն ու ունակություններն են դրված: Ինքներդ գիտեք, որ մենք ունեցել են բազմաթիվ գեներալներ ու զորավարներ, ովքեր ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի այլ մասերում անմիջական ազդեցություն են ունեցել: Մեր երիտասարդ բանակն այդ ամենն օգտագործում և ապահովում է իր զարգացումÕ ¨: Հայկական բանակն այն կառույցն է, որը երբևէ տեղում չի դոփել: Այն ամեն տարի իր համար նշում է նշաձողեր ու փորձում հասնել դրանց»,-ընգդծեց նախարարը` ավելացնելով, որ ՀՀ զինված ուժերն իրենց հաջողություններն ապահովում են հայ ժողովորդի աջակցությամբ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ անցած 6 տարիներին «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան է եկել շուրջ 5 հազար երիտասարդ: Այս տարի նախատեսվում է հյուրընկալել 1100 պատանու և աղջկա, որոնցից շուրջ 700-ն արդեն եկել են: Նրանից 100-ից ավելին` մոտ 15 երկրներից, ներկա են նախարարի հետ հանդիպմանը: «Մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից մեկը հայկական բանակն է, դուք այստեղ այն կենտրոնում եք, որտեղից ղեկավարվում է ամբողջ բանակաշինությունը: Ուրախ եմ, որ դուք կարող եք լսել մեր երկրի պաշտպանության նախարարին, հարցեր հղել նր ան, ով պատերազմական ժամանակաշրջանի հերոսներից է»,-մասնակիցներին ուղղեց իր խոսքը Հրանուշ Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ` «Արի տուն» ծրագրի միջոցով փորձ է կատարվում հայրենաճանաչության խնդիր լուծել, իսկ ճանաչել հայրենիքն առանց բանակը ճանաչելու, ճիշտ չէ: «Դրա համար էլ վերջին 3-4 տարիների ընթացքում մենք մեր ծրագրում ներառում ենք նաև այցելություն պաշտպանության նախարարություն կամ հանդիպում նախարարի հետ: Ունենք հետաքրքիր սովորույթ, նրանք այցելում են զորամաս ու մեր զինվորների հետ ճաշում: Երիտասարդները գոտեպնդվում են, ոգևորվում, ինչը նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության համար շատ կարևոր է»,-ավելացրեց սփյուռքի նախարարը:
Նրա խոսքով` պատանիների այց է կազմակերպվում ոչ միայն Ծիծեռանակաբերդ, այլև Եռաբլուր, որտեղ նրանք խոնարհվում են այն հերոսների առջև, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն անկախ Հայաստանի: