ՀՀ մշակույթի նախարարը չինացի գործընկերոջը Չինաստանի մշակույթի օրերին մասնակցելու համար հրավիրել է Հայաստան
КультураՉինաստանի մայրաքաղաք Պեկինում հուլիսի 21-ին մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում հուլիսի 22-ին Պեկինի թանգարանի («The Chinese Museum of Women and Children») հայկական մոտիվներով ձևավորված ցուցասրահում բացվել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեսցու հայկական տարազների հավաքածուի ցուցահանդեսը, ինչպես նաև տեղի ունեցել հայ վարպետների արվեստի գործերի ցուցադրություն:
Նույն օրը Պեկինի «Tianqiao Theatre»-ում տեղի է ունեցել Հայաստանի մշակութային օրերի բացման պաշտոնական արարողությունը: Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Լուո Շուկանը: Արարողությանը մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Երաժշտական հատվածում հանդես են եկել «Բերդ» պարային համույթն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը՝ կատարելով հայկական ազգային երաժշտություն: Համերգին ներկա են եղել մի շարք բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ:
Պեկին կատարած այցի շրջանակներում շրջանակներում կայացել է ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարների հանդիպումը: Քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, նախանշվել առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը: Նախարար Պողոսյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությանը, և ՉԺՀ մշակույթի նախարարն ընդունել է հրավերը: Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են Չինաստանի այլ քաղաքներում: