ՀՀ զինված ուժերը համալրվում են երիտասարդ սպաներով
ОбществоՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիտերի դահլիճում հուլիսի 24-ին տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նաև արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորակոչին զուգընթաց` զինված ուժերը համալրվում են նաև երիտասարդ սպաներով: Նրանցից շատերը ցանկություն են հայտնել ծառայության անցնել սահմանային զորամասերում: Ըստ հաստատված կանոնակարգի` նրանք, ովքեր նախընտրում են ծառայել սահմանային զորամասերում, իրենք են ընտրում ծառայության հետագա վայրը:
Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով խաղաղ ծառայություն է մաղթել նորընծա սպաներին ու կարևորել զինվորական մասնագիտության ընտրության նրանց որոշումը:
Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: