Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահն Արմավիրի մարզում է
ОбществоՍարդարապատի հուշահամալիրի մուտքի հրապարակում հուլիսի 25-ին կայացել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառվել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում և, անցնելով հայկական Ջավախքով՝ տարվել Գյումրի, ապա Ախուրյան և Արաքս գետերի ափերով բերվել Սարդարապատ։
Ինչպես Արմենպրեսին հայտնեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, միջոցառմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ Մանուկ Շեքերդեմյանը, Պերճ Հալաջյանը, Սեպուհ Պաղտոյանը, մարզպետարանի աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր:
Ջահը հրապարակ է բերել ծանրամարտիկ, երիտասարդների երկրորդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը:
Միջոցառման մասնակիցներին և հյուրերին օրհնության խոսք է ուղղել Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորել է ներկաներին ջահը դիմավորելու կապակցությամբ և նշել. «Այն, որ Համահայկական խաղերը մեր կյանքում հաստատեցին իրենց տեղն ու դերը, այլևս փաստ է: Փաստ է նաև այն, որ խաղերն ամենամեծ գործնական կապն են Հայրենիք-սփյուռք հարաբերությունների միջև՝ իսկական մարզական տոնախմբություն, որը համախմբում և հայրենիք է բերում հազարավոր հայ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից»:
Ջահը տարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը: