«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը կոչ արեց վանաձորցիներին միանալ համազգային պայքարին
ОбществоԱյսօր,ինչպես հաղորդում է Orer.am-ը, Վանաձորի Արցախ պուրակում շտապ հանրահավաք էր կազմակերպվել «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի մասնակցությամբ:
Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն իր խոսքում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ համազգային պայքարը շարունակվում է, և կոչ արեց վանաձորցիներին միանալ հուլիսի 27-ին դեպի Երևան մեկնարկող բողոքի երթին:
«Հավաքվել ենք պայքարը շարունակելու: Դուք ինքներդ քաջ ծանոթ եք, թե ինչ պրոցես տեղի ունեցավ ՀՀ-ում, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողոը որոշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է թանկացնի: Ամբողջ Հայաստանը ոտքի էր կանգնել, աննախադեպ միասնություն էր տեղի ունեցել, և մեր երիտասարդները մեր ավագ սերունդների հետ միասին ցույց տվեցին, որ երկրի տերերը մենք ենք, և ոչ թե մի խումբ՝ հավաքված Բաղրամյան 26-ում կամ Կառավարության շենքում կամ այլուր՝ ինչ-որ մի խոտան: Երկրի տերերը ՀՀ քաղաքացիներն են: Այժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հակաժողովրդական որոշում է կայացրել՝ ՀԷՑ-ի և մյուս թալանչիների ծակուծուկերը փակելու համար, որոշել է, որ մենք պետք է իրենց պարտքը տանք,-իր ելույթում մասնավորապես նշեց Դ. Սանասարյանը և խնդրանքով դիմեց վանաձորցիներին,-Խնդրանքս՝ ոտքի ենք կանգնում, մենք շատ ռեսուրս չունենք, դուք շատ լավ գիտեք՝ ոնց են ձեր ծանոթ-բարեկամ-հարազատները երկրից թողնում գնում, խնդիր ունենք, ոտքի կանգնենք ու իրենց ասենք՝ ոչ, չեք թանկացնելու: Նախաձեռնությունը արդեն հայտարարել է, որ հանրապետության հրապարակի ամենակենտրոնում սկսելու է նստացույց ու դրանից բխող շատ գործողություններ: Մյուս խումբը Գյումրիից սկսելու են երթը դեպի Երևան: Երթին մասնակցելու են և Վանաձորից, և Գյումրիից, և Երևանից, երթով քայլելու ենք և ցույց ենք տալու, որ չեն կարողանալու թանկացնել, ու մենք գնալու ենք բոլոր քայլերին: Օգոստոսի 1-ը վերջնաժամկետ է, որովհետև սակագինը թանկացնելու որոշումը ուժի մեջ է մտնելու, դրանից հետո աուդիտ անեն, չանեն, որևիցե բան չի փոխվելու: Մինչև այդ պետք է չեղարկել, դրանից հետո ասելու են՝ գնացեք դատարան, իսկ մենք գիտենք դատարան գնալով՝ ուր ենք գնում, գնում ենք փակուղի: Խնդրում եմ՝ առաջիկա զարգացումներին պատրաստ լինենք ու միասին չթողնենք, որ էներգաին թանկանա, և չթողնենք, որ հակասահմանադրական փոփոխությունները իրականանան»:
Ադրինե Թորոսյան