Ամերիկացի ռեժիսորի նկարահանած «Արամ, Արամ» ֆիմը՝ հայ համայնքի մասին
Lifestyleesem.am-ը գրում է.
Վերջերս տեղի ունեցած «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցում էր նաև մեր` հայերիս մասին նկարահանված «Արամ, Արամ» ֆիլմը: 90 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է մի հայ երիտասարդի մասին: Ֆիլմի ամերիկացի ռեժիսոր-բեմադրիչ Քրիստոֆեր Չամբերսն ու գլխավոր դերակտար Սևակ Ռուհինյանը օրերս Հայաստանում էին:
ESem.am-ը զրուցել է նրանց հետ ու որոշ մանրամասներ պարզել:

Ֆիլմը մինչ այս՝ հունիսի 14-ին, մասնակցել է նաև Լոս Անջելեսում կայացած ֆիլմերի փառատոնին: Ըստ ֆիլմի ռեժիսորի՝ «Արամ, Արամ» ֆիլմը հայ համայնքի մասին պատմող ամերիկյան առաջին անկախ ֆիլմն է: «Ֆիլմը պատմում է մի տղայի ընտանեկան ողբերգության մասին, որի պատճառով նա Բեյրութից տեղափոխվում է ԱՄՆ՝ իր պապիկի մոտ: 12-ամյա Արամը փորձում է համակերպվել կյանքի նոր պայմաններին՝ պայքարելով ավանդական արժեքների, իր համար անծանոթ մշակույթի դեմ: Արամը, «փոքրիկ Հայաստան» թաղամասում ապրելով, տարբեր խմբավորումներում է ընդգրկվում ու վտանգում իր կյանքը»,- պատմեց ռեժիսորը: Վերջինիս խոսքով հայերով սկսել է հետաքրքրվել այն բանից հետո, երբ 20 տարեկանում հանդիպել է մի հայ երիտասարդի, ով էլ նրան պատմել է հայերի մասին:

ESem.am-ի հետ զրույցում գլխավոր դերակատարը՝ Արամին մարմնավորող Սևակ Ռուհինյանը պատմեց, որ ռեժիսորի հետ շփվելը շատ հեշտ էր: «Շատ հետաքրքիր էր Քրիստոֆերի հետ աշխատելը, որովհետև նա թողնում էր, որ երկար խոսենք ու որոշենք, թե ինչ կերպ ավելի լավ կստացվի նկարահանելը»,- ասաց Սևակը:
Բացի նրանից, ֆիլմում նկարահանվել են նաև այժմ ԱՄՆ-ում բնակվող հայտնի դերասաններ Լևոն Շարաֆյանը, Ալլա Թումանյանը, Ինգա Ստամբոլցյանը:

Սևակի խոսքով՝ սկզբում Լևոն Շարաֆյանի հետ դժվար էր նկարահանվելը, բայց իրար ճանաչելուց հետո սկսեցին շփվել պապիկի ու թոռան նման: «Արդյունքում՝ կարծես նա իմ իրական պապիկը լիներ»,- անկեղծ նկատեց գլխավոր դերակատարը:
