Հայ-չինական «Շանսի Նաիրիտ»-ը ՀՀ-ի համար շահույթ կապահովի միայն ընկերության գոյացրած վնասի փակումից հետո
ЭкономикаԿաուչուկի հայ-չինական «Շանսի Նաիրիտ» ընկերությունն աշխատում է վնասով և Հայաստանի Հանրապետության համար շահույթ կարող է ապահովել միայն, եթե փակվի գոյացած 150 միլիոն դոլար վնասը:
Այս մասին Ազգային ժողովում «Նաիրիտ» գործարանի ֆինանսական ու տեխնիկական վիճակի վերաբերյալ Համաշխարհային բանկի ուսումնասիրության քննարկման ժամանակ հայտեց «Շանսի Նաիրիտ» գործարանի համանախագահ Իոսիֆ Իսայանը: «2010 թվականից ընկերությունը ոչ մի տարի չի աշխատել շահույթով: Արդյունքում ձևավորվել է մոտ 150 միլիոն դոլարի վնաս: Նույն պատմությունն է, ինչ հայկական «Նաիրիտի» դեպքում` պայմանավորված ինքնարժեքի ու շուկայում ձևավորված վաճառքի գնի տարբերությամբ: 2014 թվականին մեկ տոննայի ինքնարժեքը կազմել է 3 հազար 900 դոլար, վաճառքի գինը` 3 հազար 800 դոլար, բայց դա լավագույն տարին էր»,- հայտնեց Իսայանը:
Նրա խոսքով` գործարանի արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, բայց մինչ այս պահը ամենաշատ կաուչուկն արտադրվել է 2014-ին` 20 հազար տոննա: «Ես կարծում եմ, որ ապագայում շահույթ ունենալու և ավելի արդյունավետ աշխատելու տեղ ունի ընկերությունը: Դա կլինի, եթե արտադրվի նախատեսված 30 հազար տոննան և նաև նվազեցվեն որոշ ծախսեր: Բայց եկամուտներ շուտ չենք կարող ակնակել: Մենք 40 տոկոս ներդրում ունենք այնտեղ, 150 միլիոն դոլարի վնասը փակելուց հետո նոր կարող ենք եկամուտներ ակնկալել»,- ավելացերեց ընկերության համանախագահը:
«Շանսի Նաիրիտ» ընկերության գործարանն աշխատում է 2010-ից: