Խադիջա Իսմայիլովան պարգեւատրվել է «Մամուլի ազատություն» պարգեւով
ОбществоԱդրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովան, ինչպես նաեւ ամերիկացի լրագրողներ Ջեյսոն Ռեզաիանը եւ Օսթին Թայսը, որոնք ձերբակալվել են Սիրիայում եւ Իրանում, արժանացել են ԱՄՆ-ի Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության պարգեւին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, պարգեւատրման արարողությունը օրերս տեղի է ունեցել Վաշինգտոնում:
«Մենք չենք դադարեցնի այդ լրագրողների համար պայքարը, մինչեւ նրանք չազատվեն բանտից եւ չվերակագնեն իրենց գործունեությունը», -ասել է ԱՄՆ-ի Ազգային մամուլի ակումբի նախագահ Ջոն Հյուզը:
Պարգեւատրման ամենամյա արարողությանը մասնակցել են տարբեր ԶԼՄ-ների լրագրողներ եւ ղեկավարներ: Նրանք տոնել են մամուլի ազատության ոլորտում ամենահեղինակավոր պարգեւներից մեկի հանձնումը եւ աջակցություն հայտնել բանտերում գտնվող իրենց գործընկերներին:
Խադիջա Իսմայիլովային այդ պարգեւին ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Նենադ Պեժիչը:
«Այդ պարգեւը Խադիջայի արիության ցուցանիշն է, ինչպես նաեւ մարտահրավեր մեր բոլորի համար, որ դատապարտենք նրա ձերբակալությունը եւ պահանջենք նրա ազատումը», -ասել է Պեժիչը:
Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, իսկ հետո «խոշոր չափերի յուրացման եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ են առաջադրվել:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջն ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով:
Նա Ադրբեջանի իշխանությունների թիրախն է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:
Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքն ապրիլի 16-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգեւին, որը նրա ներկայացուցչին հանձնվել է այս տարվա մայիսի 5-ին Նյու Յորքում` ԱՄՆ բնության պատմության թանգարանում: