Մարտունում մասնակիորեն ասֆալտապատվում են Երեւանյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցները
ОбществоԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են Երեւանյան փողոցում, իսկ Վարդան Մամիկոնյան փողոցում սկսվել են հողային աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Երեւանյան փողոցում Մյասնիկյան փողոցի խաչմերուկից դեպի հարավ ձգվող ավելի քան կես կիլոմետրանոց հատվածն ասֆալտապատվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ միջոցներով:
«Մարտունի քաղաքում իրականացված ջրաշինարարական աշխատանքների արդյունքում քանդված փողոցների հիմնանորոգման համար ստանձնած պարտավորության դիմաց, ընդառաջելով քաղաքապետարանի առաջարկությանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ներդրումներն ուղղեց մեկ փողոցի ասֆալտապատմանը: Ընտրեցինք կարեւոր նշանակություն ունեցող կենտրոնական փողոցներից մեկը` Երեւանյան փողոցը, որը հատվում է Մարտունի -Գետափ միջպետական ճանապարհին: Ասֆալտապատվել է 5000 քառակուսի մետր մակերես ճանապարհահատված»,-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում կփորձեն միջոցներ գտնել նաեւ Երեւանյան փողոցի մեկ կիլոմետր անբարեկարգ ճանապարհի ասֆալտապատման համար:
Պետբյուջեի միջոցներով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է նաեւ Վարդան Մամիկոնյան փողոցի մի հատվածը:Ներդրված մոտ 60 միլիոն դրամի շրջանակներում կասֆալտապատվի մոտ 4000 քառակուսի մետր մակերես: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն օգոստոսի ընթացքում:
Խոսրով Խլղաթյան