Կառավարությունը գործարար միջավայրի բարելավման նպատակով բարեփոխում է իրավական ակտերը
ОбществоՀՀ կառավարությունը հավանություն տվեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ներկայացրած երեք նախագծերին:
Առաջին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության մասին» օրենքում ամրագրել, որ ՀՀ կառավարութունը սահմանում է տոհմանյութի՝ տեսակից կախված հավաստագրման ժամկետները, նաև սահմանել, որ երկրում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքով: «Այս փոփոխությունների շնորհիվ, կբարելավվի գործարար միջավայրը»,- գործադիրի նիստում նշեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
Հաջորդ որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց կառավարության նախկին որոշումներից հինգը. դրա շնորհիվ հստակեցվեցին հարկային ոլորտում գործող մի շարք կարգավորումներ: Երրորդ որոշմամբ հստակեցվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի՝ բողոքների քննարկման կարգի մի շարք դրույթներ, որոնց գործադրմամբ կհստակեցվեն կոնկրետ գործողությունների կատարման ժամկետները, կկրճատվեն տնտեսվարողների ծախսերը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Արմեն Եղիազարյանին՝ կառավարության հաջորդ նիստում ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ ընդունված այն բոլոր որոշումներն ու նախագծերը, որոնք նպաստել են գործարար միջավայրի բարելավմանը: