Սևան քաղաքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքներ
ОбществоՄիջպետական մայրուղուց դեպի Սևան քաղաք տանող ճանապարհն արդեն մեկ շաբաթ ակտիվ հիմնանորոգման փուլում է: Ճանապարհահատվածի սկզբնամասում դրված ցուցանակը տեղեկացնում է, որ հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրով»:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինական խոշոր այս ծրագիրը բաղկացած է երկու ճանապարհահատվածից։ Առաջինը Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհին միացող հատվածն է՝ 1,1 կմ երկարությամբ: Երկրորդը Սևան – Վարսեր-Ծաղկունք-Զովաբեր-
Տասներկուժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատող «Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերության շինարարները 3,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 1,1կմ հատվածում արդեն ավարտել են ասֆալտի հին շերտի հեռացման, հողային պաստառիվերականգնման աշխատանքները և այժմ փռում են ավազակոպճային շերտը: Իսկ որպեսզի հիմնանորոգումից հետո ճանապարհահատվածի երկարակեցությունն ապահովվի, կկիրառվի ճանապարհաշինական նորագույն տեխնոլոգիա՝ գեոգրիտեցանցավոր ծածկ, ինչի շնորհիվ ասֆալտի վրա ճաքեր չեն առաջանա։
Ընկերության տնօրեն Արմեն Ղուկասյանը նշել է, որ թե՛ բանվորական ուժի և թե՛ մեքենամեխանիզմների բավարար քանակությունը թույլ կտա, որպեսզի հիմնանորոգման աշխատանքները, որոնք, ըստ պայմանագրի, պետք է կատարվեն 5
ամսվա ընթացքում, նախատեսված ժամկետից շուտ ավարտվեն: Նա նկատել է նաև, որ ծրագրի մեկնարկի արդյունքում տասնյակից ավելի աշխատատեղեր են բացվել:Աշխատանքների որակը ստուգելու համար պարբերաբար շինհրապարակում են լինում նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուները:
«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի գնահատմամբ՝ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և հիմնանորոգման արդյունքում կունենանք շատ լավ ճանապարհ: Կատարված աշխատանքների տեխհսկումն իրականացվում է «Կոկս կոնսալտ» ընկերության կողմից։ Տեխսկիչ Ավետիք Մարտիրոսյանի խոսքով, ամեն օր տեղում կատարվում է աշխատանքների որակի վերահսկողություն, ինչը պետք է համապատասխանի տեխնիկական մասնագրերին:«Շինարարներն աշխատում են նորմալ, որակով, բարեխիղճ»,- հավաստիացրել է Ավետիք Մարտիրոսյանը:
Շինաշխատանքների երկրորդ տեղամասում՝ Սևան քաղաքի հրապարակից Վարսեր գյուղ ձգվող ճանապարհահատվածում, վերականգնվում է ջրահեռացման համակարգը, հեռացվում են մայթեզրերի քարերը, որոնք կփոխարինվեն հայրենական
արտադրության նոր, բազալտե եզրաքարերով: Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարությունյանը խոսել է գյուղացիների երազանքի և կառուցվող ճանապարհի ընձեռող հնարավորությունների մասին. «70-ականներից մինչև օրս չի վերանորոգվել ոչ մի ճանապարհ, իսկ հիմա այս ճանապարհով գյուղը կապվում է Սևան քաղաքի հետ, և գյուղացին իր արտադրած բնամթերքը կարող է տանել քաղաքում վաճառելու»:
Վերակառուցվող ասֆալտապատ ճանապարհը ոչ միայն գյուղը կկապի քաղաքին, այլև Վարսեր համայնքը Սևան-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհին: Երբեմն հնչող այն կարծիքին, թե՝ Սևան քաղաքի ճանապարհներն աչքաթող են արվել, Սևանի փոխքաղաքապետ Համլետ Սահակյանը համաձայն չէ: Նա
նշել է, որ սա ճանապարհների հիմնանորոգման արդեն երկրորդ մեծամասշտաբ ծրագիրն է քաղաքում: «2 տարի է՝ բավականին աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Տրանսպորտի և կապի նախարարության կողմից դեռ անցյալ տարի իրականացվեց Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի ճանապարհի հիմնանորոգումը և հիմա էլ
շարունակվում են այս աշխատանքները: Ես ուզում եմ մեր ազգաբնակչության, քաղաքապետարանի, քաղաքապետի, բոլորիս անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանը, որ Սևան քաղաքը
վերջապես մտավ ծրագրերի մեջ»:
Առայժմ խորդուբորդ և փոսառատ այս ճանապարհները շուտով կդառնան ասֆալտապատ և հարթ, իսկ Սևանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը, որոնց քանակը հատկապես ամռանն ավելանում է, կազատվեն ճանապարհային անհարմարություններից: