«Դիլիջան» ազգային պարկում իրականացվել են մաքրման աշխատանքներ
Общество«Դիլիջան» Ազգային Պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություններն օգոստոսի 2-ին համատեղ իրականացրել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Բլդան գետի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Դիլիջան» ԱՊ տնօրեն Սահակ Մուրադյանը, ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի և WWF-ի այս նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այս քայլը օրինակելի կդառնա այլ ընկերությունների համար ևս, ինչպես նաև կոչ է արել տարածքում իրենց հանգիստը կազմակերպող քաղաքացիներին լինել հոգատար բնության նկատմամբ և պահպանել ազգային պարկի տարածքի մաքրությունը:
WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն իր խոսքում նշել է. ««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համատեղ Բլդան գետի հարակից տարածքները մաքրելու այս որոշումը քաղցրահամ ջրերի պահպանության նկատմամբ ուշադրություն քարոզելու և սեփական փորձով օրինակ ծառայելու ևս մեկ նախաձեռնություն է: Ամառային օրերին իրենց հանգիստը կազմակերպելու համար մարդիկ նախընտրում են գետերի հարակից տարածքները, հատկապես, որ այստեղ տեղադրված են տաղավարներ, սակայն ցավոք, հեռանալիս թողնում են աղբը` աղտոտելով շրջակա միջավայրը: Այս վայրի ընտրությամբ նաև ձգտում ենք բարձրացնել մարդկանց ուշադրությունը բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ»:
Մաքրման աշխատանքներից հետո ազգային պարկի տարածքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից տեղադրվել են նախազգուշական ցուցանակներ: