Շուրջ 20 նախակրթական հաստատություն կասեցրել է իր գործունեությունը
ОбществоԱվելի քան երկու տասնյակ նախակրթական ուսումնական հաստատություններ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցրել են իրենց գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 5-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:
«Ցանկացած բնույթի խախտում արձանագրելուց հետո տրվում են հանձնարարականներ և առաջադրանքներ տվյալ խախտումները վերացնելու համար: Խախտումները բազմաբնույթ են: Կան խախտումներ, որոնցով պայմանավորված կասեցվում է տվյալ սուբյեկտի գործունեությունը, կան նաև դեպքեր, որոնց վերացումը ժամերի խնդիր է: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում ավելի քան 20 նախակրթական ուսումնական հաստատություն` ծառայության պետի որոշմամբ, կասեցրել է իր գործունեությունը մինչև համապատասխան վերանորոգման աշխատանքների իրականացումը»,- նշեց Վահե Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ հաստատություններում եղել են խնդիրներ՝ կապված մշտական հոսող տաք և սառը ջրի հետ, ինչպես նաև առկա են եղել ոչ պատշաճ խոհանոցային պայմաններ, և այդ պարագայում կասեցում է իրականացվել:
Արձանագրվել են նաև առանց սահմանված մակնշման սննդամթերքի իրացման հետ կապված դեպքեր: