Ստեփանյան 5 հասցեում ջրի կապույտ գույնը կարող է լվացքի մեքենայի անսարքության հետևանք լինել. «Երեւան ջուր»
Общество«Երեւան ջուր» ՓԲ ընկերության աշխատակիցները ստուգայց են կատարել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Նելսոն Ստեփանյան 5 բազմաբնակարան շենքում` ծորակներից հոսող կապույտ ջրի մասին լրատվամիջոցներ տարածած տեղեկատվության հետքերով:
Ինչպես տեղեկացրին «Երեւան ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից, ստուգայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության սանէպիդկ այանի մասնագետները: Պարզվել է, որ շենքին մատակարարվում է հանրապետությունում գործող կանոններին ու նորմերին համապատասխան որակի ջուր: Բնակիչներից բողոքներ չեն եղել:
Հնարավոր է` նշված խնդիրը ծագել է շենքի ջրամատակարարման ներքին ցանցում, որը ընկերության շահագործման տիրույթից դուրս է: Այն հանդիսանում է բնակիչների ընդհանուր սեփականությունը եւ սպասարկվում է տվյալ համատիրության կողմից:
Ինչ վերաբերում է ջրի կապույտ գույնին, ապա փորձը ցույցը է տալիս, որ այն կարող է լինել բնակիչներից մեկի լվացքի մեքենայի անսարքության հետեւանք, երբ հետադարձ փականի խափանման արդյունքում օգտագործված լվացքի ջուրը կոյուղագիծ ուղղվելու փոխարեն ներքաշվում է ջրագիծ եւ մղվում հարեւան բնակարաններ:
Ելնելով վերը նշվածից՝ Երեւան Ջուր ՓԲԸ հորդորում է շենքի բնակիչներին ստուգել լվացքի մեքենաների աշխատանքը՝ նման իրավիճակներից խուսափելու համար, իսկ ջրի որակի հետ կապված խնդիրների դեպքում առաջին հերթին դիմել ջրամատակարար կազմակերպությանը՝ պատճառը պարզելու եւ շուտափույթ լուծում տալու համար: