Գյումրու բժշկական կենտրոնը համալրվում է երիտասարդ մասնագետներով
ОбществоԳյումրու բժշկական կենտրոնում 2015 թվականի առաջին կիսամյակում ստացիոնար բուժում է ստացել 4042 հիվանդ, որոնցից միայն 762-ը վճարովի հիմունքներով: Պետական պատվերի շրջանակներում իրականացված բժշկական տարաբնույթ միջամտությունների մեծ մասը սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին մատուցվող կամ անհետաձգելի բուժօգնության ծառայություններն էին: 2014 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատ, այս տարի հիվանդների քանակը նվազել է, մի փոքր նվազել է նաև վճարովի ծառայություններից գոյացած եկամուտը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կենտրոնում օգոստոսի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, գլխավոր բժիշկ Արմեն Իսահակյանը: «Եթե նախկինում վճարովի ծառայություն էր համարվում սրտի անհետաձգելի վիրահատությունը, իսկ միջինը մենք ունենում ենք մինչև նման 8-10 հիվանդ, իսկ ծառայության գինը 1 հիվանդի համար կազմում էր մոտ 2 մլն դրամ, ապա հունվարի 1-ից ՀՀ կառավարություն կողմից կազմակերպվեց և անվճար դարձավ ST-էլեվացիա /սուր ինֆարկտ/ դեպքերի ժամանակ իրականացվող ծառայությունը: Ճիշտ է, նախաձեռնությունը հրաշալի է, հատկապես նրանց համար, ովքեր ի վիճակի չեն դիմել վճարովի ծառայության, բայց այստեղ տեղի է ունեցել գնային փոփոխություն՝ ի վնաս հիվանդանոցի. վճարովի ծառայության գինը 1,8-2 մլն դրամ է, իսկ պետական պատվերի շրջանակում իրականացվող ծառայությունը 700 հազար դրամ է:
Բայց նույնիսկ այս պարագայում, կենտրոնը, վճարովի այլ ծառայ ությունների մասով կարողացել է ապահովել վճարովի ծառայությունների պլանավորված չափանիշը, նաև կատարել աշխատավարձի ավելացում»,- տեղեկացրեց Արմեն Իսահակյանը: Նշենք, որ 2015 թվականի առաջին կիսամյակում ST-էլեվացիայով ընդունված 28 դեպքից 4 հիվանդ հրաժարվել է ոչ դեղապատ ստենտի տեղադրումից և ստետնավորվել է վճարովի հիմունքերով: 258 հիվանդից 2-ի մոտ տեղադրվել է 2 ստենտ: Այս ընթացքում դժվարություններ եղել են նաև վճարովի ծառայություններից օգտվելու՝ հիմնականում ստենտավորման պայմանագիր կնքած, բայց հետագայում այդ վճարումները չկատարած դեպքերի պատճ առով: Դրանց մի մասն այս պահին իրավական հարթության վրա է:
Արմեն Իսահակյանն անդրադառնալով մեկ այլ կարևոր խնդրի՝ առանձնացրեց հիվանդների հերթագրման որոշումը: «Կա ՀՀ կառավարության որոշումը՝ հիվանդների հերթագրման մասին` պլանային բուժօգնության դեպքերում: Մենք մոտ 2 տարի այդ որոշումը չենք կիրառել, ինչի համար նկատողություն եք ստացել, բայց բուժծառայություն մատուցել ենք. հիվանդը եկել, դիմել է և մենք բուժումը կազմակերպել ենք, անկախ նրանից, որ, ըստ օրենքի, պետք է պլանային հերթագրում իրականացվեր: Այս գործընթացը շատ է բարդացնում կենտրոնի աշխատանքների կազմակերպումը, դժվար է նախ հիվանդին հատկացնել, որ ինքը պետք է սպասի և երկրորդը՝ հիվանդանոցը չի ֆինանսավորվում այնքան, որքան իրականում ծառայություն մատուցել է. ասենք մատուցել է իրականում 10 ծառայություն, բայց ֆինանսավորվել է միայն հերթագրված 5-ի համար: Այս հերթագրման հետ կապված վերջին ժամանակներում լուրջ խնդիրներ ենք ունենում հիվանդների հետ՝ վերջիններս չեն ցանկանում սպասել»,-ավելացրեց Արմեն Իսահակյանը:
Չնայած կան խնդիրներ հիմնականում ֆինանսական բնույթի, սակայն վերջին տարիների ընթացքում Գյումրու բժշկական կենտրոնում արձանագրվել է երիտասարդ մասնագետների հոսք: Վերջին 2 տարիների ընթացքում կենտրոնի բուժանձնակազմը համալրվել է մոտ 30 երիտասարդ մասնագետով: «Մենք կամաց-կամաց լրացնելու ենք մասնագետների բացը: Արդեն կենտրոնը համալրվել է այնպիսի մասնագետներով, ինչպիսիք տարիներ շարունակ չենք ունեցել, բայց կրկին պատրաստ ենք ընդունել ցանկացած լավ մասնագետի»,-ավելացրեց պատասխանատուն:
Արմենուհի Մխոյան