Հնչակյան քսան նահատակների պատվին Երևանում հուշարձան կկանգնեցվի
ОбществоՍոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության քսան ներկայացուցիչների պատվին, ովքեր հարյուր տարի առաջ կախաղան բարձացվեցին Թուրքիայում, հուշարձան կկանգնեցվի Երևանում:
Օգոստոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական երիտասարդական միության պատասխանատուն Սեյրան Օհանյանին հարց ուղղեց. «Մենք` բոլոր հնչակյաններս, դաստիարակվել ենք ազգային հերոսների ոգով: Ուղիղ հարյուր տարի առաջ Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազեդ հրապարակում կախաղան բարձրացվեցին հնչակյան 20 երիտասարդներ` Փարամազի գլխավորությամբ: Նրանք ծրագրել էին Ջեմալ և Թալեաթ փաշաների սպանությունը, բայց այս հարյուր տարիներին ոչ մի հուշարձան չի տեղադրվել Փարամազի անունով: Դուք կարո՞ղ եք աջակցել մեզ, որ Եռաբլուրում տեղադրվի Փարամազի հուշարձանը»:
Երիտասարդի հարցին ի պատասխան` Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում են հուշարձան տեղադրելու հարցով: «Այդ խոսակցությունն արդեն վեց ամիս է, ինչ իմ սեղանի վրա է: Մենք դիմել ենք քաղաքապետարանին, որ համապատասխան տեղ հատկացնի այդ հուշարձանը կառուցելու համար: Մենք անպայման այդ գործը կտանենք մինչև վերջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը շեշտադրեց այն միտքը, որ հայության ամբողջ պատմության ընթացքում լավ օրինակ են եղել բոլոր այն անհատները, կազմակերպությունները, ում շնորհիվ արձանագրվել են հաջողություններ, հաղթանակներ, նույնիսկ նրանց կյանքի գնով: «Մենք հպարտություն ենք ապրել այդ անձնավորություններով: Բայց իրականում, երբ մենք խոսում ենք հերոսների մասին, մեր ամբողջ պատմությամբ ապացուցել ենք, որ հերոս է ամբողջ հայ ժողովուրդը»,-ավելացրեց Սեյրան Օհանյանը: