«Կորած թռչուններ». Թուրքիայում ֆիլմ են նկարահանել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին
КультураԹուրքիայում 2015 թվականի աշնանը մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորած թռչուններ» ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է թուրքական Daily Sabah պարբերականը: Թուրքական «Կարա Կեդի ֆիլմ»-ի և կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հիմնադրած «Պարալլելս ֆիլմ»-ի համատեղ արտադրության ֆիլմը 1915 թվականի դեպքերի մասին է:
Կինոնախագիծը ներկայացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, սակայն ֆինանսավորում չի ստացել: Թուրքական Daily Sabah-ի հաղորդմամբ՝ այն նկարահանվել է Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության կինոմատոգրաֆիայի գլխավոր տնօրինության օժանդակությամբ:
Այն պատմում է քույր և եղբայր Մարիամ և Պետո մանկահասակ հայ երեխաների մասին, ովքեր 1915 թվականին կորցրել են իրենց ընտանիքը: Գլխավոր դերերում խաղում են Դիլա Ուլուչան և Հերոս Հակոբյանը: Ֆիլմի ռեժիսորն է Արեն Փերդեջին, սցենարի հեղինակներն են Փերդեջին և Էլա Ալյամաչը:
Սինոփսիս
1915 թ. հայկական գյուղերից մեկում բարեկեցիկ ընտանիքի երեխաներ Պետոն և Մարիամը անտառում մի կապույտ թռչուն են գտնում: Նրանց ընտանիքի երջանիկ կյանքը խաթարվում է, երբ զինվորները տանում են տան տղամարդկանց: Մայրն արգելում է երեխաներին դուրս գալ տնից, սակայն նրանք ծածուկ փախչում են, որ տեսնեն, թե ինչպես է իրենց թռչունը: Վերադարձին տունը դատարկ են գտնում, և սկսվում է երկար ու դժվարին ճամփորդություն` գտնելու կորսված ընտանիքը: