Արտաշատի զորամասում տեղի ունեցավ զինվորների երդման արարողություն
ОбществоԱրտաշատի կապի ուսումնական զորամասում օգոստոսի 7-ի տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը , Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը , Արտաշատի Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը, ծնողներ, զինվորների հարազատներ:
Միջոցառման մեկնարկին ներս բերվեց զորամասի մարտական դրոշը, հնչեց ՀՀ օրհներգը: Հոգեւոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը զինվորների օրհնման արարողությունը սկսեց Տերունական աղոթքով, այնուհետեւ դիմելով նրանց ասաց. «Հայոց բանակում ծառայելը ոչ թե պարտք է, այլ պատիվ: Դուք եք այդ պատիվը պահողներն ու կրողները: Հայ ազգը ձեզնով է հպարտ, ձեր շնորհիվ է հանգիստ ու խաղաղ քուն մտնում, եւ նույնքան հանգիստ էլ լուսաբաց դիմավորում»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով, շնորհավորելով հրամանատարական կազմին, նորակոչիկներին եւ նրանց ծնողներին երդման արարողության առնչությամբ, ասաց. «Ամեն անգամ հպարտության զգացում եմ ապրում, երբ արարատցի նորակոչիկները մեկնում են տարբեր զորամասեր` համալրելու Հայոց բանակի շարքերը: Այսօր կրկնակի եմ հպարտանում, երբ հանրապետության տարբեր գյուղական եւ քաղաքային բնակավայրերի երիտասարդները գալիս են այստեղ իրենց ծառայությունն անցկացնելու»,- ասաց մարզի ղեկավարը` մաղթելով անփորձանք, անվտանգ ծառայություն և խաղաղ վերադարձ:
Լիլիթ Մաճկալյան