Սպառողների իրավունքների պաշտպանը կոչ է անում սննդի օբյեկտներում անարգել մշտադիտարկման հնարավորություն ստեղծել
ОбществоՍննդի օբյեկտները պետք է գործունեության թույլտվություն ունենան և պարտադիր սերտիֆիկացում անցնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սննդային թունավորումների դեպքերին, նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Եթե ձմռանը կամ գարնանը սնունդը կարող է փչանալ մեկ երկու օրվա ընթացքում, ապա այս եղանակային պայմաններում այն ավելի արագ է փչանում: Աղցանների հետ կապված խնդիրներ են լինում, խորհուրդ եմ տալիս բնակիչներին քիչ օգտվել աղցաններից»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց Կարեն Չիլինգարյանը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահն ընդգծեց, որ պետք է հնարավարություն տալ ստուգում իրականացնող կազմակերպություններին անարգել մուտք գործել սննդի ցանկացած օբյեկտ և ստուգում կատարել: «Մեր երկրում ստուգում անցկացնելու համար պետք է թույլտվություն վերցնել ռեստորանի կամ տվյալ սննդի կետի տնօրենից: Մշտադիտարկման ձևով չես կարող մուտք գործել օբյեկտ և առանց աշխատանքը կասեցնելու ստուգում կատարել»,-նշեց Կարեն Չիլինգարյանը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը փաստում է, որ ցանկացած սննդի օբյեկտում սպառողը կարող է սերտիֆիկատը պահանջել:
«Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն էլ է ազդում սննդի արագ փչացմանը, բայց եթե ստուգումներն էլ անարգել իրականացվեն, ավելի կպակասեցին թունավորման դեպքերը»,-հավելեց նա: