ՀՀԿ-ն հերթական անգամ շախ եւ մատ կանի ընդդիմությանը
АналитикаԵրբ մի քանի ամիս առաջ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ մեծ ոգեւորությամբ եւ մի տեսակ անսովոր հպարտությամբ հայտարարում էին, որ ամռանն ամեն ինչ թեժ է լինելու, պարզից էլ պարզ էր, որ նրանք խոսում էին եղանակային պայմանների մասին՝ հույսները դնելով արեւի այդքան ջերմ ու վառող շողերի վրա:
Ինչպես տեսնում ենք, օդերեւութաբան գործիչները չեն սխալվել, դեռ մի բան էլ ավել, օգտվելով առիթից՝ հասցրել են մինչև օգոստոսի սկիզբ հեռանալ Հայաստանից՝ հայտնվելով Իսպանիաներում, Իտալիաներում, Գերմանիաներում եւ այլուր…
Հայրենիքը սիրող եւ աշխատանքային ժամերին Հայաստանի համար դոշ ծեծող քաղաքական գործիչները կարծես հոգնել են ամեն ինչից` հայրենի հողից, ջրից, անգամ՝ քաղաքականությունից…
Ի դեպ, քաղաքականություն ասեցինք ու ակամայից հիշեցինք, որ, թեպետ, ընդդիմադիր ուժերը «հօդս են ցնդել» իրենց խոսնակներով, այնուամենայնիվ, հանրապետականները տքնաջան աշխատում են. պատճառը հայտնի է բոլորիս՝ ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական գերհզոր եւ գերխոշոր «խարդախությանը»` սահմանադրական փոփոխություններին:
Իհարկե, զարգացում եւ առաջընթաց գրանցելու համար երկրում փոփոխություններ անելը պարտադիր է, սակայն արդյո՞ք այդ փոփոխությունները չեն հետապնդում նեղ անձնական հետաքրքրություններ եւ բխում են բացառապես ժողովրդի եւ պետության շահերից: Իհարկե, ո՛չ, ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ վտանգավոր. երկիրը կառավարող քրեաօլիգարխիկ կլանը, չբավարավելով ժողովրդի հաշվին դիզած հարստությունից, կարծես չի կարողանում զսպել իրեն. փաստորեն թալանի գործընթացը դեռ ավարտին չի հասել, իսկ հավերժ «թագավորելու» մոլուցքը դարձել է գերնպատակ:
Հետաքրքիրն այն է, որ երկրի համար կարեւորագույն այս պահին քաղաքական դաշտը մեռած է. մինչ ՀՀԿ-ն իր սեւ գործն է անում, իսկ ընդդիմությունն էլ իր կայֆեր-կայծերը, հասարակությունը հանապազօրյա հացի խնդիր է լուծում՝ «թքած ունենալով» եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության վրա. չէ՞ որ փողոց փակող եւ պայքարի դուրս եկողը ժողովուրդն է, այլ ոչ թե քաղաքական շոուների սիրահար ընդդիմությունը:
Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով լրագրողական էթիկայի կանոններին՝ Orer.am-ը փորձեց կապ հաստատել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ՝ ճշտելու համար, թե արդյոք սահմանադրական փոփոխություններից բողոքող ու ՀՀԿ-ից յախա թափ տվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախապես մշակել են պայքարի պլաններ եւ մեթոդներ:
Հարկ ենք համարում ընթերցողներին տեղեկացնել, որ այսպես կոչված ընդդիմադիրներն անգամ չէին պատասխանում հեռախոսազանգերին: Բազմաթիվ փորձերից հետո, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կապ հաստատել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով զրույցի ժամանակ նշեց, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցությունն անց է կացրել քննարկումներ իր կուսակիցների միջեւ, ինչպես նաեւ եղել էն ոչ պաշտոնական հանդիպումներ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Դե իհարկե, մեկ գավաթ սառը սուրճի սեղանի շուրջ երկրի վերջին զարգացումներին մի թեթեւ անդրադառնալը վատ բան չէ, սակայն այստեղ է, որ հարց է առաջանում. իսկ ո՞ւր մնացին այն բոցաշունչ հայտարարությունները, որոնք հնչում էին դեռ ամիսներ առաջ…
Ինչեւէ, այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք: Շուտով ընդդիմությունը հետ կգա արձակուրդից, կադապտացվի գաղջ մթնոլորտին եւ, իր բնավորության համաձայն, կսկսի մազերը փիտել եւ կոկորդ պատռել, քանի որ անելու բան այլեւս չի ունենա…
Սոսե Չանդոյան