Նախկին ՃՈ պետը չի կարողացել մեկնել արտերկիր՝ բուժման. Դեսպանատունը վիզա չի տվել
Обществоnews.am-ը գրում է.
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արտակ Հարությունյանը չի կարողացել մեկնել արտերկիր՝ բուժման, քանի որ Գերմանիայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Հարությունյանը:
Նա նշեց, որ դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել, քանի որ ինչ-որ փաստաթղթեր պակաս էին: Նախկին ՃՈ պետը կփորձի երկրորդ անգամ մտնել դեսպանատուն, բայց թե երբ՝ չգիտի, քանի որ իր այցը հարմարացնում է Գերմանիայում գտնվող ընկերների հետ:
«Մասնավոր հարցով առաջին անգամ էի մտնում դեսպանատուն, ու այդպես եղավ, նախկինում, իհարկե, տարբեր երկրներ այցելել եմ, բայց աշխատանքի բերումով էր, վիզաների, դեսպանատների հարցերով էլ ես չէի զբաղվում: Արդեն ամեն ինչ պայմանավորվել, դասավորել էի, բայց մերժեցին, իրենց այն ժամանակ էր հարմար այցելելս, հիմա նորից պետք է հարմարացնեմ ընկերներիս հետ, »,-ասաց նախկին ՃՈ պետը:
Նա նշեց, որ Հայաստանում բուժումն օգնում է ընդամենը որոշ ժամանակով, դրանից հետո նորից սկսվում են ցավերը: Աշխատանքի անցնելու մասին նախկին ՃՈ պետը չի մտածում, առայժմ ծրագրերի մեջ մեկնել արտերկիր ու բուժվելն է: «Աշխատանքի առաջարկներ չկան, ես չեմ էլ հետաքրքրվում, քննչական կոմիտե գնալու մասին էլ սուտ էին գրել, չկա նման բան»,-ասաց Արտակ Հարությունյանը:
Նշենք, որ Արտակ Հարությունյանը նախկինում աշխատել է դատախազությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: Այնուհետեւ նշանակվել է ոստիկանապետի խորհրդական, իսկ 2014թ հոկտեմբերին նշանակվել ՃՈ պետ: Արտակ Հարությունյանի օրոք Ճանապարհային ոստիկանությունում բազմաիթվ պաշտոնանկություններ եղան: