Դրամաշորթությո՞ւն, թե՞ օգնություն կարիքավորներին. գումար են խնդրում պրոթեզը վերանորոգելու համար
Обществоtert.am-ը գրում է.
«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» հասարակական կազմակերպությունը հերթական անապահով ընտանիքի համար դիմում է «ֆեյսբուքահայության» օգնությանը և տեղեկացնում, որ գումարն անհրաժեշտ է մի քաղաքացու ոտքի պրոթեզը վերանորոգելու համար, ով ոտքը կորցրել է հակառակորդի կողմից արձակված նռնակի պատճառով:
«Պրոթեզավորված է ոտքը, պրոթեզը կոտրվել է, և նա զրկվել է քայլելու հնարավորությունից: Ունի հաշմանդամության 2-րդ կարգ, 2 անչափահաս երեխա: Սոցիալական պայմանները թույլ չեն տալիս նրան վերանորոգել պրոթեզը, որի համար հարկավոր է ընդամենը 50,000 դրամ»,- տեղեկացնում է ՀԿ նախագահը և նշում, որ բացի դա, հարկավոր են նաև Avtovegin 250 մլ. սիստեմա միացնելու համար և Vessel Due F հաբերը, որոնք բավականին թանկ արժեն, և նա գնել չի կարողանում:
Վերջում անպայման հաշվեհամար ներկայացնելուց առաջ նշում է. «Ժողովուրդ ջան, եթե ամեն մեկս մի փոքր կարողանանք օգնել այս մարդուն, ապա նա կրկին կկարողանա քայլել»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունից Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ պետությունը պրոթեզաօրթոպեդիկ պարագաները տրամադրում է հաշմանդամություն ունեցող անձանց անվճար: Իսկ երբ որ պրոթեզները կոտրվում է՝ կա բուժտեխնիկական հանձնաժողով, որը տալիս է թույլտվություն, որ մարդը գնա անվճար վերանորոգի:
«Եթե կոտրվել է այդ դեպքում էլ քաղաքացին իր կոտրած պրոթեզը տանում է բուժտեխնիկական հանձնաժողովին ներկայացնում: Կամ կարող է 6 ամսում մարդու ոտքը նիհարել է, էլ չի կարող քայլել, մարդուն թույլ են տալիս հանձնել վերանորոգման անվճար, եթե երաշխիքային մեկ տարվա ժամկետ ունի՝ պետության հետ կնքված կազմակերպության հաշվին, եթե ոչ, ապա՝ պետության հաշվին»,- ասաց վարչության մասնագետը:
Տվյալ դեպքն արդեն ըստ վարչության մասնագետի՝ կասկածելի է, որ դրամաշորթության նախանշաններ կան: «Ով է ասել, որ մարդը կարիք ունի, և կազմակերպությունը չի անում, դա դրամաշորթության օրինակ է»,- ասաց նա և նշեց, որ իրենք տվյալ դեպքը քննության կառնեն:
Tert.am-ի հետ զրույցում «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» ՀԿ նախագահ Սոնա Մանուկյանը նշեց, որ ինքն է հայտարարությունը տարածել՝ նպատակ ունենալով մի կարիքավոր ընտանիքի ևս օգնել՝ պահպանելով թափանցիկությունը, թե ինչքան գումար է հավաքել և ինչ է արվել:
«Եթե հետևում եք մեր էջին, մենք ամեն շաբաթ ընտրում են մի կարիքավոր ընտանիքի և փորձում օգնել: Մենք անդրադառնում ենք այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ ու անաշխատունակ մարդիկ, բայց ժամանակ առ ժամանակ այդպիսի մարդկանց մասին էլ ենք գրում»,- ասաց նա և կոնկրետ դեպքի հետ կապված մի քանի տվյալներ հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձը գյումրեցի է, 31 տարեկան: Մեր հարցին, թե տեղյակ չէ արդյոք, որ պրոթեզավորման ծախսերը պետությունն անվճար է տրամադրում, նշեց, որ խնդրով իրեն դիմել է տվյալ անձի բարեկամուհին, ինքն անձամբ հաշմանդամություն ունեցողի հետ ծանոթ չէ, ուղղակի խոսել է հետը և թույլտվություն է խնդրել ինֆորմացիան հրապարակելու համար, և դրա համար նաև լուսանկարներն են ուղարկել:
Շարունակությունը՝ այստեղ: