Վթարի ենթարկված անչափահաս վարորդի վիճակը ծանր է. Նրան վիրահատել են
Обществоnews.am-ը գրում է.
Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած «Դեու Նեքսիա» մեքենայի ղեկին գտնվող 13-ամյա տղայի վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սւորբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ տղային վիրահատել են, որովայնում հեմատոմիա էր առաջացել, մի շարք վնասվածքներ ուներ: Վիրահատությունից դեռ ժամեր են անցել, վիճակը ծանր է:
Ավելի վաղ հայտնել էինք որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 7-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 85 PS 800 եւ «Դեու Նեքսիա» մակնիշի 853 LP 61 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Դեու»-ի ղեկին եղել է 13-ամյա Վարդան Ս.-ն, ով սովորում է Երեւանի Վ. Վաղարշյանի անվան հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: Նրա վարած «Դեու Նեքսիան» դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել Սուսասաննա Փ.-ի վարած «Տոյոտա»-ին, ու շրջվել:
Վթարի հետեւանքով դեպքի վայրից Արամյանց բժշկական կենտրոն են տեղափոխվել Վարդան Ս.-ն եւ «Դեու»-ի ուղեւոր 19-ամյա Աշոտ Ս.-ն: 13-ամյա տղան Արամյանց բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարից հետո դեպքի վայր ժամանած միջին տարիքի մի տղամարդ ոստիկաններին փորձել է համոզել, թե «Դեուն» 15 րոպե առաջ իրենց տան բակից առեւանգել են, սակայն երբ տեղեկացել է, որ ոստիկանները տիրապետւմ են իրականությանը, որ մեքենան վարել է անչափահաս տղան, ով, ի դեպ, պարզվել է, որ նրա ազգականն է` նա ափսոսանք է հայտնել, որ մեքենան տվել է երեխային: