Գագիկ Մինասյանն առաջարկում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման գործընթացն իրագործել առաջին փուլից հետո
ОбществоԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կայուն մեծամասնության գաղափարը համարում է կառավարման խորհրդարանական մոդելի թերությունը չեզոքացնելու միջոց: Բայց որպեզի ստեղծվեն մեխանիզմներ կայուն խորհրդարանական մեծամասնության իրագործման համար, նա առաջարկում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո քաղաքական ուժերը կայուն մեծամասնություն ձևավորելու փորձ կատարեն խորհրդարանում: «Ես կարծում եմ, որ Սահմանադրության ներկայացվող նախագծում հստակեցման կարիք կա, պետք է հստակ նշվի, որ մինչև երկրորդ փուլի իրականացումը, նախ պետք է քաղաքական ուժերը կայուն մեծամասնություն ստեղծեն խորհրդարանում: Այս պարագում է, որ մենք կարող ենք պնդել, որ երկրորդ փուլի իրականացումը բացառություն է լինելու, իսկ առաջին փուլի արդյունքը լինելու է կայուն մեծամասնության ստեղծումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով` կայուն մեծամասնություն պետք է ունենան բոլոր խորհրդարանական մեծամասնությունները, ոչ միայն առաջինը: «Մենք խոսում ենք նրա մասին, որ կայուն մեծամասնությունը խորհդարանական համակարգի հիմնական թերությունից զերծ մնալու գրավականն է, սակայն մենք այդ մասին խոսում ենք առաջին վարչապետի ընտրության ժամանակ: Բայց երբ վարչապետը չի վայելում խորհրդարանական մեծամասնության համակրանքը, գալիս է նոր վարչապետ, նոր մեծամասնություն է ձևավորվում, մենք մոռանում ենք այդ կայունության մասին: Ես կարծում եմ, որ ցանկացած խորհրդարանական մեծամասնութ յուն կարող է վարչապետ ընտրել կայուն մեծամասնության պարագայում»,-ավելացրեց Գագիկ Մինասյանը:
Սահմանադրության նախագծով առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:Սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրական ացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։
Օգոստոսի 4-ին հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: