ԼՂՀ կառավարությունը պատրաստ է կիրառական հետազոտությունների արդյունքները դնել տեղական արտադրության հիմքում
ОбществоԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին ընդունել է կրթության, գիտության և սպորտի նախարարության կազմում գործող «Արցախի գիտական կենտրոնի» աշխատակիցներին՝ քննարկելու գիտությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի ԿԳ նախարար Սլավա Ասրյանը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը կարևորել է գիտության նշանակությունը տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը ներկայացրել է գիտական կենտրոնի գործունեությունը, գրանցված ձեռքբերումներն ու խնդիրները: Հանդիպմանը ներկա հետազոտողները հակիրճ ներկայացրել են կենսաբանությանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտներին առնչվող իրենց աշխատանքների ընթացքն ու արդյունքները:
«Ուրախալի է տեսնել նմանատիպ կենտրոնի գործունեությունը, սակայն պետք է աշխատենք դրա հետագա բարելավման ուղղությամբ: Հորդորում եմ թեմաների ընտրության ժամանակ շեշտադրումը կատարել կիրառական աշխատանքների վրա՝ ելնելով անհրաժեշտությունից և առաջնահերթություններից: Կառավարությունը պատրաստ է կիրառական հետազոտությունների արդյունքները դնել տեղական արտադրության հիմքերում և աջակցել դրանց առաջխաղացմանը»,- նշել է վարչապետը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ: