Ղարաբաղի «ադրբեջանական» լինելը Ադրբեջանի բնակչությանը սատանայաբար խաբելու սուտ է. Ստերլիգով
ПолитикаԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուս մեծահարուստ հայտնի գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ Ղարաբաղի «ադրբեջանական» լինելու մասին սուտ պնդումները «Ադրբեջանի միլիոնավոր միամիտ բնակիչներին ուղղված սատանայական խաբեություն է»:
Ստերլիգովն այս մասին հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում արած գրառման մեջ:
Նշելով, որ ընկերոջ պարտքն է ասել անդուր եւ անշահախնդիր ճշմարտությունը, ադրբեջանցիներին ուղղված` «Նամակ Ղարաբաղից» հրապարակման մեջ Ստերլիգովը խոսել է «Ղարաբաղը պատմականորեն ադրբեջանական հող է» ադրբեջանական իշխանությունների չարչրկված ցնդաբանության մասին:
«Ադրբեջանի միլիոնավոր ազնիվ եւ միամիտ բնակիչներին արված այդ սատանայական խաբեությունը ադրբեջանցիների մոտ սուտ նպատակի համար կյանքը զոհելու պատրաստակամություն է առաջացնում», -գրել է նա:
Ստերլիգովը գտնում է, որ դրա համար մեղավորը «խորհրդային ծախու պատմաբաններն ու գրողներն են», որոնց առաջ դեռեւս հարյուր տարի առաջ խնդիր է դրվել «այդ թեմայով ճշմարտանման ինչ որ բան գրել», եւ այդ զառանցանքը կրկնվել է խորհրդային մարդկանց մի քանի սերունդների կողմից:
Ստերլիգովը ճշմարտությունը պարզելու համար ադրբեջանցիներին խորհուրդ է տալիս դիմել հնամենի տարեգրություններին եւ հայերենով գրված գերեզմաններին, որոնք, «բոլորն` առանց բացառության» խոսում են իրենից ավելի համոզիչ:
«Ցանկանում եմ ձեզ հասցնել այն միտքը, որ հենց պատմական ճշմարտության խոստովանությունը, այսինքն՝ այն, որ Ղարաբաղը հանդիսանում է վաղնջական հայկական հող, հանում է ադրբեջանցիների եւ հայերի միջեւ պատերազմի ցանկացած դրդապատճառների` շարժառիթների ամբողջությունը: Միայն սկզբնական սուտը մերկացնելով է հնարավոր կանխել նոր, մեծ արյունահեղությունը, որը նախապատրաստում են ադրբեջանական եւ հայ ժողովուրդների թշնամիները», - գրել է Ստերլիգովը: Նրա խոսքով` «ստացվում է, որ Ղարաբաղի համար պատերազմում հայերը մեռնում են ճշմարտության, իսկ ադրբեջանցին երը` ստի համար»:
«Իսկ դա ձեզ պե՞տք է», - դիմելով ադրբեջանցիներին՝ հարցնում է նա:
Ստերլիգովն առաջարկում է «նստել պատմական վեճի խաղաղ, բաց սեղանի շուրջ, նրա վրա դնել հնուց պահպանված գրավոր տարեգրությունների վկայությունները, եւ այդ տարեգրությունների հիման վրա պարզել, որտեղ է ճշմարտությունը, եւ որտեղ սուտը»:
«Դա ավելի լավ է, քան իրար սպանելը: Թող այդ կլոր սեղանը տեսանելի, ժողովրդական դիվանագիտություն դառնա հայերի, ադրբեջանցիների եւ ռուսների միջեւ: Թող անզոր զայրույթից պայթեն մեր ժողովուրդներին թունավորող սադրիչ-պատմաբանները: Մենք անգամ չենք քննելու նրանց ժամանակակից պատվերով գրվածքները, այլ միանգամից դիմելու ենք հին ձեռագրերին, որոնք մեծաթիվ են պահպանվել «, -առաջարկում է նա:
Ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» սակարանի հիմնադիր Գերման Ստերլիգովը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքի` կնոջ եւ 5 երեխաների հետ ժամանել է ԼՂՀ եւ հաստատվել Շուշի քաղաքում: Բաքվի այն հայտարարությանը, որ Գերման Ստերլիգովը հատնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում», նրա փաստաբանը պատասխանել է, որ գործարարն այդ քայլին գնացել է միանգամայն գիտակցված կերպ, եւ հավելել. «Կարծում եմ, որ դա նրա համար միեւնույն է»: Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ Ստերլիգովի արած` «Ղարաբաղը հինավուրց հայկական հող է» արտահայտությունից հետո Ադրբեջանում նրա դեմ երկու հոդվածներով քրեական գործ է հարուցվել: