Հայ փրկարարները պատրաստվում են միջազգային որակավորմանը
ОбществоԵրևանում օգոստոսի 11-14-ին անցկացվում է աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնի (OSOCC) ծավալման և գործառույթների թեմայով ճանաչողական միջազգային դասընթացի առաջին փուլը: Այն կազմակերպել են Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող տարածաշրջանային գրասենյակը և ՌԴ ԱԻ նախարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սեմինարին մասնակցում են արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից և Տաջիկստանից:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) և գործողությունների համակարգման կենտրոնի (OSOCC) նոր ուղեցույցերին, աշխատանքային մեթոդաբանությանը, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում տարածաշրջանի երկրների միջև:
ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ, դասընթացի հրահանգիչներից Ալեքսեյ Ավդեևը նշել է, որ սա 6-րդ նմանատիպ դասընթացն է, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի հետ՝ ԱՊՀ փրկարարական ուժերի մասնակցությամբ: «Նախկինում նման սեմինարներ կազմակերպվել են ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում և Ուկրաինայում: Այս տարի մասնակիցների մեծ մասը հայ փրկարարներ են, որոնք սեպտեմբերին կանցնեն INSARAG-ի միջազգային որակավորման փուլը և կփորձեն ապացուցել, որ պատրաստ են ոչ միայն որոնողափրկարարական գործողություններ իրականացնել բարձր մակարդակով, ա յլև` աղետի գոտում կազմակերպել և համակարգել միջազգային փրկարարների գործողությունները,- ասել է Ալեքսեյ Ավդեևը:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենը նշել է, որ սեմինարի վերջին օրը կկայանա վարժանք, որի ընթացքում մասնակիցները կկարողանան ստուգել իրենց գիտելիքները: «Դասընթացը հնարավորինս կնմանեցվի իրական սցենարի, չէ՞ որ մեր նպատակն է օգնել տարածաշրջանի պետություններին բարձրացնելու աղետների արձագանքման կարողությունները և, որպես վերջնական արդյունք` ներգրավվել մարդասիրական օգնություն ցուցաբերող միջազգային համակարգում: Ինչ վերաբերում է հայ փրկարարներին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ երկարատև համագործակցության արդյունքում մեծ հարգանք է ձևավորվել նրանց նկատմամբ, և մեր թիմը հաջողություն է մաղթում նրանց սեպտեմբերին կայանալիք որակավորման գործընթացում»,–հավելել է Մարսել Վասենը:
Դասընթացի մասնակից, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը նշել է, որ դասընթացը կարևոր է, որովհետև դրան անմիջապես հաջորդում է որակավորման գործընթացը: Նրա խոսքով, սա կարելի է համարել նախապատրաստական գործընթացների բաղկացուցիչ մասերից: «Այս ընթացքում պատրաստվում են այն մասնագետները, որոնք որակավորման ընթացքում պետք է ցուցադրեն իրենց հմտությունները: Նշեմ, որ մեզ դասավանդող խումբը կազմված է բավական փորձառու մասնագետներից, քանի որ նրանք արդեն անցել են որակավորման գործըն թացով: Նրանց փորձը, իսկապես, շատ կարևոր է մեզ համար, քանի որ այս ընթացքում քննարկվող շատ հարցեր ընդգրկված չեն նույնիսկ մասնագիտական ամենալավ գրականությունում»,– նկատել է Արտավազդ Դավթյանը:
OSOCC-ի հայեցակարգն առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից 2002թ-ին: Համակարգող կենտրոնը ծավալվում է խոշոր տարերային աղետի գոտում (երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, ցունամի և այլն) և նպատակ ունի համակարգել միջազգային որոնողափրկարարական խմբերի և մարդասիրական կազմակերպությունների գործողությունները: