Հիմնանորոգվում է Գավառ տանող ճանապարհի 4կմ երկարությամբ հատվածը
ОбществоԳեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող հանրապետական նշանակության 21 կմ երկարությամբ ճանապարհի 4 կմ հատվածում հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս հունիսի 18-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲ ընկերության շինարարների վստահեցմամբ` ճանապարհը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում՝ 2015թ.
նոյեմբերի 12-ին։
Ընկերության գլխավոր ինժեներ Բաղդասար Նազարյանը նշել է, որ ճանապարհահատվածը 1986 թվականից հետո չէր նորոգվել։ Ճանապարհն ամբողջությամբ քայքայված էր. «Ճանապարհի էլեմենտները չէին համապատասխանում
շինարարական նորմերին։ Պետք է կատարվեր ճանապարհի բոլոր տարրերի հիմնանորոգում: Արդեն իրականացվել է հողային աշխատանքների 90 տոկոսը, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել գեոգրիդե ցանցեր, և շուտով կսկսենք ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Հսկողությունը շատ խիստ է, աշխատում
ենք ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան»,-նշել է նա:
4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի 1 կմ-ը, որը գրեթե անանցանելի էր, վերակառուցվում է, իսկ հաջորդ 3 կմ-ում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Ասֆալտապատումն ավարտելուց հետո ճանապարհի ողջ երկայնքով կվերականգնվեն իջատեղերը և մուտքերը, ջրահեռացման համակարգը, ինչպես նաև կտեղադրվեն ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվի երթ ևեկելի մասի նշագծում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի համոզմամբ՝ աշխատանքների ավարտից հետո կունենանք որակյալ ճանապարհ: «Հսկողությունն ամենօրյա է։ Աշխատանքները նորմալ հունով ընթանում են: Կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար զեկուցում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին,- նշել է Էմիլ Սարգսյանը:
Հիմնանորոգվող ճանապարհահատվածի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՄԳ Պրոմիլ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության մասնագետները սատարում են շինարարական աշխատանքների որակի ամենօրյա ստուգումներ։ Ընկերության տնօրեն Մինաս Գրիգորյանը հավաստիացնում է, որ աշխատանքները կատարվում են շինարարական նորմերին համապատասխան:
Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները կատարվում են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 386 267 310 ՀՀ դրամ է։