Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան երիտասարդ որակյալ կադրերի կարիք ունի
ОбществоԱլիխանյանի անվան ազգային լաբորատորիան կարիք ունի որակյալ երիտասարդ կադրերի:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը:
«Ժամանակին բազմաթիվ գիտափորձեր կատարող մեր հիմնարկում աշխատում էր 3500 մասնագետ, սակայն այսօր այդ թիվը նվազել է մինչև 360-ի: Այնուամենայնիվ, գիտական արտադրանքը, սովետական տարիների համեմատ, ավելացել է: Մենք խնդիր ունենք սերնդափոխության և այդ իսկ պատճառով ակնկալում ենք զբաղվել նաև երիտասարդ սերնդի կրթությամբ», - ասաց Աշոտ Չիլինգարյանը:
Ազգային լաբորատորիայի տնօրենը հավելեց, որ բուհերի այն շրջանավարտները, ովքեր սիրում են ֆիզիկան և բարձր էներգիաների ֆիզիկան, կարող են մասնակցել մագիստրոսական կուրսերի: Բնակչության շրջամում առավել հայտնի որպես Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, հիմնարկն իր նորաբաց մագիստրոսական բաժնում նախատեսում է կրթել ապագա գիտաշխատողներին:
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1944 թ.-ին, որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ Աբրահամ Ալիխանով եւ Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Ավելի ուշ, Արագածի վրա ստեղծվել են 2 տիեզերական ճառագայթների կայաններ` «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։