«Առողջապահություն» հանդեսը նորովի կներկայանա ընթերցողին
ОбществоՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է առողջապահական համակարգի խնդիրներն ու իրականացվող աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը մասնակիցներին է ներկ այացրել «Առողջապահություն» հանդեսի նոր տնօրեն Զավեն Քոլոյանին:
Նախարարն ընդգծել է, որ բժշկական նեղ մասնագիտացում ունեցող հանդեսը պետք է նորովի ներկայանա ընթերցողին` արտացոլելով համակարգի նոր մոտեցումներն ու մարտահրավերները:
Մասնավորապես, հանդեսի նոր ղեկավարի առջև նպատակ է դրվել առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերի և բարեփոխումների շուրջ ձևավորել վստահության մթնոլորտ, ինչպես նաև ակտիվ աշխատանք ծավալել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ վստահությունը բժշկության մեջ անկյունաքարային է:
«Առողջապահություն» հանդեսում կհրապարակվեն ապացուցողական բժշկության մեթոդաբանությանը, առողջապահության կազմակերպմանը, բժշկի աշխատանքի բարոյահոգեբանական կողմին, իրավաբանական և կազմակերպական արդիական հարցերին վերաբերող նյութեր»,- ասել է Զավեն Քոլոյանը:
Պարբերականը կունենա էլեկտրոնային կայքէջ:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը համառոտ ներկայացրել է կառույցի ընթացիկ և կատարված աշխատանքները: Կառույցի ղեկավարը խոսել է նաև առաջիկայում տարբեր ուղղություններով նախատեսված հետազոտությունների և ակնկալվող արդյունքների մասին:
Ազգային ինստիտուտը ընթացիկ տարում կարևորել է նաև կրթական բաղադրիչը: Նախատեսվել է զարգացնել հետբուհական շարունակական ծրագրի իրականացումը: Էական քայլեր են իրականացվել էլեկտրոնային առողջապահության ներդրման ուղղությամբ: Իսկ մասնագիտական ծառայությունների ձևավորումն ինստիտուտում թույլ կտա ընդլայնել կառույցի ոչ միայն կրթական, այլև գիտական ուղղվածությունը:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին հանձնարարվել է` ըստ ոլորտների ներկայացնել ծրագրերի և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, ակտիվ աշխատանք ծավալել ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների հետ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբերին նախանշված համահայկական բժշկական համագումարի աշխատանքներին: Ձևավորվել է կայանալիք միջոցառման աշխատանքները համակարգող հանձնաժողով: