«Բազե 2015»-ին Արարատի մարզը կներկայանա նարնջագույն ճակատում
ОбществоԾաղկաձորում կայանալիք «Բազե 2015» ամենամյա հավաքին Արարատի մարզից կմասնակցի ինը ներկայացուցիչ եւ մեկ ղեկավար, որոնք ընտրվել են հուլիսի 17-ին կայացած նախընտրական փուլի ընթացքում: Նարնջագույն ճակատում հանդես եկող մասնակիցները կմրցեն ինն անվանակարգերում (նորաձեւություն, երգ, պար, բազկամարտ, նկարչություն, ֆուտբոլ, ինտելեկտուալ եւ այլն): Oգոստոսի 17-22-ը կայանալիք հավաքի համար մարզից ներկայացված են եղել 35 երիտարասարդների հայտեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանն ասաց, որ երիտասարդները ոգեւորված եւ մարտական են տրամադրված: Նրանք ամեն օր անց են կացնում պարապմունքներ եւ փորձեր՝ հավուր պատշաճի ներկայանալու եւ մրցանակային տեղեր նվաճելու նպատակով: «Ամեն բան պետք է անենք, որպեսզի միասնական ուժերով հաջողության հասնենք: Արարատի մարզի թիմը շատ ակտիվ է եւ շուտով իր մասին լսեցնել կտա»,-ընդգծեց նա:
Լիլիթ Մաճկալյան